X
    Categories: News

168: Ի՞նչ է սպասվում բնակարանային շուկային. Դեռ ինչքա՞ն կբարձրանան գները

Հոկտեմբեր 5, 2026

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անթաքույց հրճվանքով է խոսում այն մասին, որ բնակարանները Հայաստանում թանկացել են։ Բայց չի ասում, որ դրա հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են սեփական անկյուն ունենալու հույսը։ Այսօրվա աշխատավարձերով՝ բնակարանի տեր դառնալն անհասանելի երազանք է շատերի համար։ Երևանում բնակարանների գները երբեմն հասնում են եվրոպական որոշ երկրների գներին, չնայած մարդկանց եկամուտները շատ հեռու են եվրոպականից։

Միայն վերջին 8 տարում Երևանում բնակարանների միջին գները բարձրացել են գրեթե երկուսուկես անգամ։

Եթե 2018թ. առաջին կեսին մայրաքաղաքի կենտրոնում, որը cյի ամենաթանկ հատվածն է, բնակարանների 1 քառակուսու միջին գները տատանվում էին 1000-1050 դոլարի սահմաններում, հիմա գերազանցում են 2500 դոլարը։ Ութ տարում բարձրացել են գրեթե 1500 դոլարով։

Արաբկիրում 750 դոլարից բնակարանների 1 քառակուսու միջին գները հասել են 1800 դոլարի։ Թանկացել են 2.4 անգամով։

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 1.1 մլրդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդը
  • Մի հոգու չե՞ք կարողանում բռնել… ես փողոցում մի բան անեմ՝ ինձ կբռնեն, բայց թշնամու զինվորը տուն է մտնում, կրակում. Հուսիկ Արա
  • Ինձ համար այդպես էլ առեղծված է մնում՝ ինչու ՀՀ բարձրաստիճան ղեկավարները չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին․ Սերոբ Խաչատրյան

Քանաքեռ-Զեյթունում բնակարանի 1 քառակուսի մետրի միջին գներն այս տարվա առաջին կեսին կազմել են 1350 դոլար։ Ութ տարի առաջ 570 դոլարի կարգի էին։

Նոր Նորքում գները 500-ից հասել են 1250 դոլարի՝ թանկացել են գրեթե 2.5 անգամով։

Բնակարանի գները գրեթե նույնքանով բարձրացել են նաև Երևանի մյուս տարածքներում։

Բնակարանային շուկան Հայաստանում անհամեմատ ավելի արագ է թանկացել, քան մարդկանց եկամուտներն են ավելացել։ Ավելին՝ այդ պրոցեսն ուղեկցվել է ոչ միայն բնակարանների, այլև սպառողական շուկաների ակտիվ թանկացմամբ, ինչը նվազեցրել է շատերի համար բնակարան գնելու հնարավորությունը։

Բնակարանների թանկացման հիմնական պատճառը եղել է ոչ թե մարդկանց եկամուտների համարժեք ավելացումը, այլ արհեստական ձևավորված պահանջարկը, որը խթանել են պետության կողմից սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման միջոցով։ Հիփոթեքային վարկերով կամ բանկային պարտքերով վերջին տարիներին բարձր եկամուտներ ունեցող որոշ քաղաքացիներ կարողացել են բնակարան գնել, բայց մեծամասնությունը զրկված են եղել այդ հնարավորությունից, որովհետև նրանց եկամուտները թույլ չեն տվել ոչ միայն ուղղակի, այլև հիփոթեքով բնակարան գնել։ Ու ինչքան բնակարանների գները բարձրանում են, այնքան այս մարդիկ կորցնում են բնակարան ունենալու հույսը։ Բնակարան ունենալը շատերի համար մնում է անհասանելի երազանք, հատկապես այսպիսի թանկացումների պայմաններում։

Հայաստանում վերջին տարիներին բնակարանների պահանջարկն ավելացել է հիմնականում պարտքով բնակարան գնելու հաշվին։ Տասնյակ տարիներ կպահանջվի, որպեսզի շատերը կարողանան փակել այդ պարտքերը։ Որքան էլ դա բնակարան ունենալու հնարավորություն է տվել մարդկանց, այնուհանդերձ մեծապես ծանրաբեռնել է նրանց վարկային բեռը։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում քաղաքացիների վարկային բեռը շատ ավելի արագ է աճել, քան նրանց եկամուտները։ Սրա առաջին պատճառներից մեկը եղել է հենց վարկերով բնակարան ձեռք բեռելը։

Վարկային բեռի ու եկամուտների անհամաչափ ավելացումը լուրջ ռիսկ է բանկային համակարգի համար, սակայն դա չի խանգարում, որ այսօր էլ բանկերը շարունակեն ակտիվորեն վարկավորել քաղաքացիներին։ Սա հետագայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ ֆինանսական հաստատությունների համար, հատկապես, երբ տեղի ունենա վարկային բեռի տակ հայտնված քաղաքացիների եկամուտների նվազում։ Իհարկե, բանկերը հույս ունեն, որ թանկացող բնակարանների պարագայում կարող են գրավի իրացման միջոցով հետ ստանալ իրենց գումարները, բայց դա անհնարին կլինի, երբ շուկայում առաջանան ճգնաժամային իրավիճակներ։ Իսկ այդպիսի իրավիճակները որևէ մեկը չի կարող բացառել։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անշարժ գույքի շուկայում նման ճգնաժամեր ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում՝ հատկապես գների բարձր ակտիվությունից հետո։ Տարիներ առաջ նման խնդիրների բախվեց ամերիկյան շուկան, ինչը տարածվեց ֆինանսական համակարգում՝ հանգեցնելով նաև որոշ բանկերի սնանկացման։

Նման հեռանկարը երբևէ չի կարող բացառվել։ Բայց Հայաստանում դրան այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Կառավարությունը մատը մատին չի տալիս անշարժ գույքի շուկայի այս քաոսային իրավիճակը կարգավորելու համար։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնով հայտարարեց, որ մտադիր չեն միջամտել անգամ վարձակալության շուկային, որքան էլ նկատելի է, որ այստեղ տեղի են ունենում արհեստական գնագոյացման պրոցեսներ։

Իշխանություններն իրենց նման հայտարարություններով ու գործողություններով շարունակում են տաքացնել անշարժ գույքի շուկան։ Չնայած այն արդեն հասցրել է բավականաչափ տաքանալ՝ տաքացնելով նաև բանկային համակարգը։

Բանկային համակարգը տաքացել է հատկապես հիփոթեքային վարկավորման արդյունքում։ Վերջին 8 տարիներին բանկերի հիփոթեքային վարկերը, որոնք ուղղվել են հիմնականում բանկարանների ձեռքբերմանը, ավելացել են 7.7 անգամով։ Այդ նույն ժամանակ միջին աշխատավարձը Հայաստանում անգամ չի հասցրել կրկնապատկվել։

Հիփոթեքային վարկերը 207 միլիարդից հասել են 1.8 տրիլիոն դրամի։ Խոսքը շուրջ 5 մլրդ դոլարին համարժեք գումարի մասին է, որը պարտքի տեսքով նստած է հիփոթեքով բնակարան գնած քաղաքացիների ընտանեկան բյուջեների վրա։ Այդ գումարները ժամանակի ընթացքում դեռ պետք է վերադարձվեն, բայց այս փուլում դրանք դարձել են անշարժ գույքի շուկայի ակտիվացման ու գների աճի հիմնական գործոններից մեկը։

Բանկային համակարգում բավական մեծ պարտքեր են կախված նաև անշարժ գույքի շուկայի մեկ այլ սեգմենտի՝ շինարարության վարկավորման հետ կապված։ Վերջին տարիներին շինարարությանն ուղղված վարկերը ևս բարձր ակտիվությամբ ավելացել են, ակտիվությամբ շատ քիչ են զիջում հիփոթեքին։ Ութ տարում այդ վարկերն աճել են 6.5 անգամով՝ հասնելով 2.7 մլրդ դոլարի։ Այդ գումարը ևս գնացել է՝ խթանելու անշարժ գույքի շուկայի տաքացումն ու թանկացումը։

Բնակարանները վերջին տարիներին, իհարկե, թանկացել են նաև այլ պատճառներով։ Դրանցից մեկն էլ եղել է արցախցիների բռնագաղթումը, ինչն ավելացրել է ճնշումը թե՛ վարձակալության, և թե՛բնակարանների գների վրա։

Էլի պատճառներ կան, բայց բոլոր պատճառներին չէ, որ ուզում ենք անդրադառնալ։ Խնդիրն այն է։, որ դրանք միասին ստեղծել են մի իրավիճակ, որ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար այսօրվա եկամուտներով ու գների պայմաններում անհավանական է դարձել բնակարան ունենալը։ Հայաստանում աշխատող քաղաքացիների առնվազն 80 տոկոսի իրական աշխատավարձերը չեն հասնում 250 հազար դրամի։ Այդ գումարով ոչ միայն անհնարին է մտածել բնակարան գնելու, այլև հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին։ Հատկապես որ, այսքանից հետո էլ բնակարանները շարունակում են թանկանալ։ Պաշտոնապես՝ վերջին 1 տարում շուրջ 15 տոկոս գնաճ է գրանցվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Vanyan Gary:
Related Post