X
    Categories: News

ԱԱԾ-ում պաշտոնանկությունների 6-ամյա շղթան՝ Շահումյանից Սանամյան․ ի՞նչ է ակնար

Հոկտեմբեր 5, 2026

6 տարի առաջ այս օրերին Արցախում մշակվում և հաստատվում էր հակահարվածի հայտնի օպերացիան:

Մենք գրել ենք, որ  Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ խոսում է Արցախ կատարած այցի մասին, ավելին, գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություն է հայտնել:

Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գաղտնազերծել է, թե ինչ բնույթի օպերացիա է իրականացվելու՝ «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլեր», այնուհետև հոկտեմբերի 7-ին հրապարակված ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա մանրամասներ է հայտնել արդեն ընթացքի մեջ գտնվող ռազմական գործողություններից:

Իսկ 2020 թ. հոկտեմբերի 6-ին Արցախում   հակահարվածի օպերացիայի քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Արգիշտի Քյարամյանը՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, Արցախի ԱԱԾ տնօրենի կարգավիճակում՝ Կամո Աղաջանյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանը, Արցախի ԱԽ քարտուղարի կարգավիճակում՝ Սամվել Բաբայանը և այլք:

Կարդացեք նաև

  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան
  • Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»
  • «Պետք է պատասխան տան մեզ՝ այդ զինվորին ուղղորդել ու ուղարկե՞լ են, թե՞ մոլորվել է, գուցե ուղարկել են, որ մեր զգոնությունը փորձեն». Աշոտ Ավագյան

Այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ  պետ Օնիկ Գասպարյանն այդ քննարկմանը ներկա չի եղել, բայց սա չի խանգարել Նիկոլ Փաշինյանին, որ Քննիչ հանձնաժողովում այս օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դնի  ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:

Իհարկե, պատերազմից հետո հակահարվածի օպերացիայի ձախողման դրվագով մեղադրվել է  Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը,  ավելի ուշ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է և նշանակվել ռազմագիտական փորձաքննություն, և արդեն 2023 թվականի նոյեմբերին դրա արդյունքներով որոշվել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս դրվագով դադարեցնել՝ արդարացման հիմքով: 2025 թվականին ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնել էին, որ գործը չի փակվել՝ «2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

Ինչի՞ համար է այս ներածականը:

Հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման ֆոնին 2020-ի հոկտեմբերին 7-ին, ինչպես իշխանական աղբյուրները հաղորդել էին, զբաղեցրած պաշտոնից Փաշինյանը հեռացրել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:

Ավելի ուշ ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին , որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է՝ ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ՝ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:

Իսկ մեկ օր հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր Արգիշտի Քյարամյանը, ով, ինչպես հայտնեցինք,  հոկտեմբերի 5-ին մասնակցել էր նշված օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը, և մինչև հիմա պարզ չէ՝ ինչու ազատեցին ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Չնայած դրան, պաշտոնանկությունից հետո Քյարամյանը մինչև վերջ մնացել է Արցախում, իսկ հետո ավելի ուշ ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեն:

Բայց Քյարամյանը և Շահումյանը 44-օրյայի օրերին զբաղեցրած պաշտոններից միակ ազատվածները չեն. մենք հայտնել ենք, որ պատերազմի ժամանակ  ԱԱԾ բարձրաստիճան 4 պաշտոնյա է ազատվել աշխատանքից, և պատճառը հայտնի չէ: Ավելին, մենք ոչ մեկ անգամ ուսումնասիրություն ենք ներկայացրել  2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի կադրային փոփոխություններն ԱԱԾ-ներում, և, թե ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել:

Եվ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատել Դավիթ Սանամյանին, ում, ըստ էության, Լևոն Շահումյանից հետո  վստահվել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոնը, իսկ 2022 թվականի դեկտեմբերին Սանամյանին շնորհվել էր գեներալ-մայորի կոչում:

Նշենք, որ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում Դավիթ Սանամյանին վերապահվել էր այդ աշխատանքները համակարգողի պարտականությունները՝ որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ: Ավելի ուշ նրա այս պաշտոնը վերանվանվել էր՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ»:

Իսկ  2025-ի օգոստոսի 29-ին  Փաշինյանն  արդեն Դավիթ Սանամյանին վստահել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը, որից այսօր ազատել է:

Ի դեպ, 2022 թվականին տեղեկություններ էին մամուլում շրջանառվում , թե խմորումներ կան ԱԱԾ տնօրենի պաշտոնի շուրջ, և հնարավոր է՝ Արմեն Աբազյանին փոխարինի Սանամյանը, համենայնդեպս, իբր նա ամեն ինչ անում է դրա համար: Բայց Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին 2025 թվականի հունիսին, և նրան փոխարինեց ոչ թե Դավիթ Սանամյանը, այլ Անդրանիկ Սիմոնյանը: Իսկ հիմա էլ Սանամյանը գոնե այս պահին դուրս մղվեց ԱԱԾ համակարգից, հետոն ինչ կլինի, չենք կարող ասել:

Նշենք, որ նա  ՀՀ ազգային անվտանգության համակարգում ծառայության է անցել 1998 թ.-ից և զբաղեցրել տարբեր պաշտոններ, սակայն  1998թ. ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, որտեղ սովորելու ընթացքում, այսպես կոչված, «12 ախպերներ»-ի խմբից է եղել:

Թե ո՞րն էր Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը, որից առաջ ադրբեջանցի զինվոր էր հատել սահմանը, պաշտոնական պարզաբանում, ինչպես միշտ, չկա:

Տարբեր տեղեկություններով, ադրբեջանցի զինծառայողը շրջանցել է ՀՀ ԶՈւ ենթակայության տակ գտնվող դիրքերը, այսինքն, նախ Զինված ուժերի ստորաբաժանումները պետք է նկատած լինեին ադրբեջանցի զինվորին: Իսկ թե ինչու Դավիթ Սանամյանին կարող էին ազատել, ըստ էության, ԱԺ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում տվել է  դրա պատասխանը:

«Մենք առնչվել ենք մի իրողության հետ, որը պետք է բացառենք ապագայում, որովհետև այդ մարդը  երկու օր ոչ միայն պարզապես մեր տարածքում է եղել, այլ մեր քաղաքացու բնակարանում»,- շեշտել է  նա՝ չբացառելով, որ ՀՀ սահմանը, հնարավոր է, հատել են մեկից ավելի ադրբեջանցի զինվորներ:

«Հատուկ ծառայությունները համակցված պետք է ոչ միայն քննություն իրականացնեն այս դեպքի առնչությամբ, այլև ամբողջ տարածքը պետք է տոտալ «տակնուվրա» անեն»,- շարունակել է  Քոչարյանը, ըստ էության, հասկացնելով, որ, եթե բանակին կարող ենք մեղադրել, որ չեն նկատել ադրբեջանցի զինվորին, բայց այն, որ նա պտտվել է ազատ մի քանի օր և մտել ՀՀ քաղաքացու բնակարան, դա ԱԱԾ-ի խնդիրն էր, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ չկա, և Բաքուն Երևանին նմանօրինակ տեղեկություններ փոխանցում է ԱԱԾ-ի միջոցով:

Արդյո՞ք այստեղ Նիկոլ Փաշինյանն ունի իր պատասխանատվության բաժինը, քանի որ  ԱԱԾ-ն ուղիղ նրան է ենթարկվում, թերևս՝ այո:

Բայց Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, որ Հայաստան-Ադրբեջան հատվածում կան «չվերահսկվող կտորներ», և դրա վերահսկողության հետ կապված՝ և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն:

«Սահմանների ամրության մասին կարելի է խոսել բազմամյա աշխատանքի արդյունքներով։ Հիմա մեր սահմաններն ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ անձնակազմի, մշտադիտարկման հնարավորությունների առումով: Մշտադիտարկումը մեզ հնարավորություն կտար ավելի արդյունավետ իրականացնել սահմանների պահպանությունը»,- նկատել է ՔՊ պատգամավորը։

Այսինքն, եթե անգամ այստեղ չի հիշատակվում Նիկոլ Փաշինյանի անունը, ստեղծված իրավիճակում գլխավոր պատասխանատուն նա է, եթե ավելացված սահմանի պայմաններում կան սահմաններ, որ չեն վերահսկվում, ունենք մարդկային ռեսուրսի խնդիր, և այս պայմաններում պարտադիր զինվորական ծառայության ժամկետ ենք կրճատում,  բանակում չծառայելու արտոնություններ ենք սահմանում, և այդ տարածքները մինչ այժմ չեն «փակվել» տեխնիկական միջոցներով:

Այսինքն, եթե այս կարևոր հարցերը չեն լուծվում, պաշտոնանկությունները դիտարկվելու են միայն որպես «քավության նոխազի» ընտրություն:

—

Tambiyan Samvel:
Related Post