Հոկտեմբեր 3, 2026
«Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն:
Մենք ու Արցախն արդեն անկախ պետություններ էինք, երբ կազմավորվեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): Հետո Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ԽՍՀՄ այլ հանրապետությունների են հրավիրում, որ միանան ԱՊՀ-ին: Ի դեպ, ԽՍՀՄ 3 հանրապետություններ՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, չեն միացել Ալմա Աթայի հռչակագրին: Հո դա չի՞ նշանակում, որ այդ պետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, սահմաններ չունեն ու անկախ պետություններ չեն: Ընդ որում, Հայաստանի Գերագույն խորհուրդն Ալմա Աթայի հռչակագիրը վավերացնում է վերապահումներով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումներն էլ սահմանների մասով էին: Ադրբեջանը չմիացավ ԱՊՀ-ին, օրինակ, որովհետև ժամանակակից Ադրբեջանն իրեն հռչակում է որպես 1918-20թթ. Ադրբեջանի ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, և ասում է՝ ինչ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ, ապօրինի է»,- անդրադառնալով Արցախի հանձնումը Ալմա Աթայի հռչակագրով պայմանավորելուն՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք. 168.am-ին դեռևս 3 տարի առաջ տված հարցազրույցում ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրել էր.
«Ալմա Աթայի փաստաթուղթը կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին, քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է:
Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումը հետևյալն էր՝ Ալմա Աթայի հռչակագրում կա հետևյալ ձևակերպումը, որ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ: Մենք այդ ժամանակ ի՞նչ արեցինք: Մենք ավելացրեցինք. «ինչպես նաև մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած սուբյեկտներ» ձևակերպումը՝ միանշանակ նկատի ունենալով Արցախը: Դա միայն վերաբերում էր Արցախին: Շատ էական է, երբ մենք խոսում ենք, որ Արցախն առանձնահատուկ է, ի՞նչ Կոսովո, ի՞նչ այլ բան, որովհետև Արցախն ինքնորոշվել է մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և այն ժամանակ գործող օրենսդրությանը: Ավելին, Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելիս ու վավերացնելով՝ Հայաստանի այն ժամանակ Գերագույն խորհուրդը, ըստ էության, ճանապարհ է բացել նաև Արցախի՝ ԱՊՀ-ին անդամակցության համար: Սա է էությունն այդ փաստաթղթի»,- բացատրել էր ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը ժամանակին մասնակցել է այդ ողջ գործընթացներին:
«Մեր պետականությունն անթերի իրավական հիմքով է ստեղծվել: Այն չի ասում, որ Արցախի ու Հայաստանի հետ մեկ պետական միավորում պիտի ստեղծվի: Հայաստանի և Արցախի միջև ֆունկցիոնալ իմաստով որևէ տարբերություն չկար: Ես նույն պետության զգացողությունն եմ ունեցել՝ անկախ նրանից՝ ընտանիքիս հետ հանգստացել եմ Շուշիո՞ւմ, թե՞ Դիլիջանում: Բայց ունեցել ենք 2 պետություն՝ մեկ միասնական համակարգով: Մեր պետականության հիմքերն անթերի են: Դրանից է վախենում Ալիևը: Դրա համար է ասում՝ վերացրեք Անկախության հռչակագիրը, որովհետև ի տարբերություն իր պետության՝ Ադրբեջանի, որը խիստ խոցելի հիմքի վրա է ստեղծված, մեր պետության իրավական հիմքերն անխոցելի՛ են»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—