Հոկտեմբեր 1, 2026
44–օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկար, դրա համար սեպտեմբերի 27–ին չենք անդրադարձել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն քննադատություններին, որ ՀՀ իշխանություններն այդ օրը քար լռություն են պահպանել, բացի այդ` Հանրային հեռուստաընկերության եթերում Թաթայի համերգն է հեռարձակվել։
«Սեպտեմբերի 27-ի մասին 5 տարի շարունակ խոսել ենք, նորություն չկա, որի մասին չենք խոսել։ Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Սեպտեմբերի 27-ին անդրադարձ չենք կատարել, քանի որ 44–օրյա պատերազմի մասին որևէ նոր բան չկա ասելու»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության կողմից եղել է անպատեհություն` համերգ հեռարձակելով, սակայն արդյոք հեռարձակած բոլոր համերգների օրերին տասնյակ զոհեր չենք ունեցել։
«Շուտով նաև նոյեմբերի 9–ն է գալու… Ուզում եմ հասկանալ` 10 տարի անց սեպտեմբերի 27–ին հնարավոր է համերգ հեռարձակե՞լ, թե՞ ոչ։ Եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, ապա մեր բոլոր 365 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»,– վստահ է նա։
Նրան դուր չի եկել նաև այն, որ ամեն անգամ, երբ գնում են Եռաբլուր, զոհվածների ծնողները փորձում են փակել նրանց ճանապարհը` թույլ չտալով մուտք գործել ու ծաղիկներ խոնարհել։
«Ամեն անգամ գնանք նման տեսարանների բախվե՞նք Եռաբլուրում»,- դժգոհեց նա։
Փաշինյանի խոսքով` սեպտեմբերի 27–ին նա իր գործողություններով ցույց է տվել վերաբերմունք` գնացել է պատարագ, որտեղ նաև հոգեհանգստի կարգ է կատարվել։
—