X
    Categories: News

Հենց հիմա Ադրբեջանին են տալիս Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը

Հոկտեմբեր 1, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • «Ռոսատոմը» կարող է Հայաստանին նաև մոդուլային ատոմակայան առաջարկել, որովհետև Չինաստանի հետ ունի նման փորձ: ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայան չունի, և հայտնի էլ չէ՝ երբ կունենա: Բայց «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը երեկ Հայաստանից հեռանալիս ասաց՝ մինչև 2040թ. հոսանքի պակասորդ չունենալու համար 1000 մեգավատտանոց ատոմակայան է պետք, այսինքն՝ ոչ թե մոդուլային, այլ մեծ ատոմակայան: Էլ չենք խոսում այն մասին, որ ատոմային էներգետիկա չունենալը պետության համար ռեպուտացիոն և անվտանգային կորուստներ կարող է ունենալ: Այնպես որ, ՄԱԿ-ի ամբիոնից մոդուլային ատոմակայանի մասին Փաշինյանի հայտարարությունն առաջինը չէ, որը հետո մեկ այլ հայտարարությամբ հերքվել է նրա իսկ կողմից: 

Հիշեցնենք. օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը, որտեղ իր ելույթում հայտարարեց՝ «Նոր ատոմակայանը մոդուլային կլինի»:

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Վրաստանին դրդում են պատերազմի Ռուսաստանի հետ, բայց դա լիովին հակասում է նրա շահերին
  • Ռուսաստանի էներգետիկ առաջարկն ու ՀՀ իշխանությունների «դիվերսիֆիկացիան». Ի՞նչ է թաքնված «Ռոսատոմի» և Երևանի բանակցությունների հետևում

Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը ներկայացրեց ռուսական առաջարկի մանրամասները․ նոր՝ մոտ 1000 մեգավատտ հզորությամբ բլոկ, գործող Մեծամորի ԱԷԿ-ը մինչև 2046 թվականը աշխատեցնելու հնարավորությունը և այդ տարբերակի զգալի լրացուցիչ արժեքը։ Նա նաև առաջարկեց ռուսական նախագիծը դարձնել միջազգային՝ եվրոպական և ասիական ընկերությունների մասնակցությամբ։

Չինաստանն այն 5 երկրներից մեկն է, որի հետ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում նոր ատոմակայան կառուցելու և Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) փոխարինելու նպատակով: Հայաստանի ներկայիս ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։ Փաշինյանի կառավարությունը քննարկում է նոր՝ հիմնականում փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման հարցը, նոր ատոմակայանի տեխնոլոգիաների առաջարկներ է դիտարկում հինգ երկրներից՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Հարավային Կորեայից:

Չինաստանի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ Պեկինը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացմանը և նոր էներգաբլոկի կառուցման նախագծերին: Չինաստանի մասնագետներն արդեն ներկայացրել են իրենց տեխնոլոգիական առաջարկները, և հայկական պատվիրակությունները նախկինում այցելել են Չինաստան՝ տեղում ծանոթանալու նրանց փորձին։

  • Կարծես թե Պեկինը Հայաստանում ատոմակայան կառուցելու հարցում հրապարակային պատրաստակամություն չի հայտնել, Չինաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Պեկինը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացմանը և նոր էներգաբլոկի կառուցման նախագծերին: Կարծում եմ՝ ատոմակայան կառուցելու հարցում Չինաստանը Հայաստանում Ռուսաստանի հետ չի մրցակցի: Տնտեսական տեսանկյունից ամենաշահեկան առաջարկ անելու հնարավորություն «Ռոսատոմն» ունի: Եվ, թերևս, դրանով է պայմանավորված Փաշինյանի այն հայտարարությունը, որ նոր ատոմակայան կառուցելու համար գործընկեր ընտրելու մոտիվը բացառապես տնտեսական է լինելու: Սա իր տեսակի մեջ նահանջի ճանապարհ է Փաշինյանի համար:

  • Անկասկած է, որ Հայաստանի ատոմակայանը Թուրքիայի թիրախում է, որովհետև թիրախում է Հայաստանը: Ատոմակայանը զսպող գործոն է ընդհուպ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների համար, որովհետև վնասվելու դեպքում վնասվողը միայն Հայաստանը չի լինելու: Եվ բնական է, որ ուզում են, որ Հայաստանի «Մեծամորի» ատոմակայանը փակվի, և ամեն ինչ անելու են, որ նոր ատոմային կայան չկառուցվի: Պետք է հասկանալ, որ ատոմակայան ունենալը միայն էներգիայի աղբյուր չէ, այն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում մեր Հայաստանին:
  • Մի քանի ամիս առաջ 2-3 շաբաթում Վրաստանում մի քանի անգամ համատարած հոսանքի անջատում եղավ, և դրա պատճառն այն է, որ Վրաստանի էներգետիկ համակարգը անջատվել էր Ադրբեջանի էներգետիկ համակարգից, լարումը կտրուկ ընկել էր, ու ողջ Վրաստանը թաղվել էր խավարի մեջ: Սա լուրջ ահազանգ է Հայաստանի համար, թե ինչ կլինի, երբ մեր էներգետիկ համակարգն էլ միավորվի Ադրբեջանի համակարգի հետ:
  • Մոսկովյան քննարկումների առանցքում կարևոր է լինելու այն հանգամանքը, թե ինչ է Փաշինյանի հետ խոսել Լիխաչովը Հայաստանում: Մոսկովյան հանդիպման թե՛ լինելը, թե՛ օրակարգը հենց դրանից է կախված: Եվ երբ Լիխաչովը հայտարարում է, որ Երևանն առաջիկայում կասի՝ ում հետ է ատոմակայան կառուցելու, սա ուշադրության արժանի քաղաքական հայտարարություն է:
  • Գաղտնիք չէ, որ Հայաստանի հարցերով Ռուսաստանում զբաղվում է  Կիրիենկոն, և այս համատեքստում պետք է հիշել, որ դրանից առաջ Կիրիենկոն «Ռոսատոմի» ղեկավարն էր: Սա ուշադրության արժանի հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Հայաստան գալուց առաջ Լիխաչովը հանդիպել էր Պուտինի հետ:
  • Ենթադրենք՝ Եվրոպան Հարավային Կովկասում Փաշինյանի հետ չի աշխատում, ո՞ւմ հետ է աշխատելու, եթե Հայաստանը միակն է, ում հետ Եվրամիությունը կարող է խոսել, աշխատել Հարավային Կովկասում ազդեցություն հաստատելու հարցով: Եվրոպայի վերաբերմունքը Փաշինյանի համար ճակատագրական նշանակություն չունի. շատ ավելի կարևոր են նրա համար Ադրբեջանն ու Թուրքիան:
  • Մի՞թե Ռուսաստանն իսկապես կարծում է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարցի առաջ է կանգնած… կարծում եմ՝ ոչ: Ռուսաստանը գիտի, որ դա հնարավոր չէ: Այս առերևույթ սրացումների պատճառն այլ է: Խորքում այլ օրակարգեր կան: Այս իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին, խորքային անհանգստության պատճառներ Մոսկվան չունի: Ռուսաստանի համար մի կարևոր խնդիր կա, որ Եվրոպայի լիբերալ-գլոբալիստական շրջանակին հնարավորություն չտա Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել:
  • Կարծում եմ՝ տարածաշրջանում Թուրքիայի գործոնը Ռուսաստանը պայմանավորում է ՆԱՏՕ-ի հանգամանքով: Ռուսական ռազմաբազայի մասին խոսակցություններ բացելով՝ Ռուսաստանը հասկացնում է, որ դիտարկում է Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունների ապամոնտաժում, Թուրքիայի հանդեպ քաղաքականության վերանայում:
  • Հիշեք՝ ի՞նչ պայման էր Ռուսաստանը դնում ՆԱՏՕ-ի առաջ ռուս-ուկրաինական պատերազմից 2 ամիս առաջ՝ ՆԱՏՕ-ի հետվերադարձ 1997թ. սահմաններին: Սա ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ունի այդ պատերազմը Ռուսաստանի համար: Սա Ուկրաինայի համար պատերազմ չէ, սա պրոցես է, որը կարող է հասնել մինչև հայ-թուրքական սահման: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ Վրաստանով դեպի Հայաստան երկաթուղու գործարկումը ոչ թե հայ-ադրբեջանական, այլ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է:

Հիշեցնենք. Ռուսաստանը պահանջում էր, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքները, զորքերը և սպառազինությունը դուրս բերի բոլոր այն երկրներից, որոնք դաշինքին անդամակցել են 1997 թվականի մայիսից հետո։

Այս պահանջը ներկայացվել էր 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերում (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ուղիղ 2 ամիս առաջ)։ 1997 թվականի «Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի» սահմաններին վերադառնալու պահանջը գործնականում նշանակում էր հետևյալը. 

Զորքերի հետքաշում Արևելյան Եվրոպայից. ՆԱՏՕ-ն պետք է դադարեցներ ցանկացած ռազմական գործունեություն և հեռացներ իր ռազմական բազաներն ու ստորաբաժանումները 1997-ից հետո անդամակցած երկրներից։ Դա դե ֆակտո արգելք էր նշանակում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման համար այնպիսի պետություններում, ինչպիսիք են Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Մերձբալթյան երկրները (Էստոնիա, Լատվիա, Լիտվա)։ 

Դաշինքի ընդլայնման արգելք. Իրավաբանորեն ամրագրված հրաժարում ՆԱՏՕ-ի հետագա ցանկացած ընդլայնումից դեպի արևելք, հատկապես՝ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության բացառում։ 

Հետխորհրդային տարածքի սահմանափակում. ՆԱՏՕ-ի կողմից ռազմական գործունեության դադարեցում Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։

Այս պահանջները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնապես մերժվեցին 2022թ. հունվարին՝ որպես ինքնիշխան պետությունների իրավունքները սահմանափակող անընդունելի վերջնագիր։

  • Հիշենք, որ վերջերս Գերմանիայի արտգործնախարարը, որը երկար ժամանակից ի վեր հանդիպում չէր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպեց նրան: Սա տեղի է ունեցել կանցլեր Մերցի կուսակցության՝ Գերմանիայում ջախջախիչ պարտությունից հետո: Ի դեպ, այն սրահում, ուր ընթանում էին բանակցությունները, դիմացի պատին Պուտինի նկարն էր: Եթե Գերմանիայի ԱԳ նախարարը համաձայնում է բանակցել այդ պայմաններում, ուրեմն կարելի է պատկերացնել՝ որքան կարևոր էր Գերմանիայի համար Ռուսաստանի արտգործնախարարի հետ այդ հանդիպումը:
  • Եվրոպան ի վիճակի չէ այսօր վերջնագրերով խոսել. Ֆրանսիան, որը գտնվում է Մարի Լը Պենի հաղթանակից 5 պակաս վիճակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ առհասարակ, որ մի հատ էլ վերջնագիր ներկայացնի… այդ թվում՝ Փաշինյանին: Սա է այսօրվա Եվրոպան:
  • Մենք տեսնում ենք Գերմանիայի վարքագիծը, Ֆրանսիայի վարքագիծը, և այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչ է մտածում այս ամենի վերաբերյալ Լոնդոնը: Հարց՝ իսկ ո՞ր կենտրոնն Ալիևի վրա ազդեցություն ունի: Մեծ Բրիտանիան:  Այսինքն՝ այն երկիրը, որի տակ է Ալիևների ֆինանսատնտեսական միջոցների պոչը: Այս պայմաններում կրկին ակտիվանում է այստեղ երկրորդ ճակատային սցենարը շարժելու մոտիվացիան: Ռուսաստանն ինչպե՞ս պետք է դրան հակադարձի՝ Հայաստանին Եվրոպայի գիրկը մղելո՞վ…

  • Թրամփի համար ցանկալի է Իսրայելի, Նեթանյահուի նկատմամբ ստանալ որևէ հակակշիռ, որովհետև Նեթանյահուն ակնհայտորեն Թրամփի համար պրոբլեմ է դարձել, և Էրդողանի հանդեպ Թրամփի վերաբերմունքը պայմանավորված է նաև այդ հանգամանքով:
  • Կարծում եմ՝ Ռուսաստանը Հայաստանում փորձում է փոխել իր ազդեցության կառուցվածը, և տնտեսական բաղադրիչը փակ հանդիպումներում քննարկումներում առաջնայինը չէ: Ռուսաստանը փորձում է վերափոխել իր ազդեցության կառուցվածքը, այդ թվում՝ հայ հասարակության շրջանում՝ նաև ընկալումների մակարդակում: Եվ սրան միտված տարբեր սցենարային գծեր են գործի դրված, այդ թվում, գուցե տարօրինակ հնչի, դեմոգրաֆիական տրամաբանությամբ:
  • Հիմա Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է պահել երկաթուղու կոնցեսիայի իրավունքը, քան ռազմաբազան, որովհետև ես չեմ հասկանում՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք այս նոր աշխարհակարգում այդ ռազմակայանը: Եթե Պուտինի համար կարևոր լիներ հայ ժողովրդի կարծիքն իմանալ ռազմաբազան հանելու հարցում, նա այդ հարցը Փաշինյանի հետ հանդիպմանը կբարձրացներ: Ռազմակայանները հիմա զուտ խորհրդանշական նշանակություն ունեն, և մենք տեսանք՝ Իրանն ինչ արեց ամերիկյան ռազմակայանների հետ:
  • Հայաստանից ռազմաբազան հանելու՝ Պուտինի հայտարարությունն այն դերակատարների համար էր, ովքեր կառուցում են նոր աշխարհակարգը: Այս համատեքստում Պուտինն ասում է՝ պատրաստ եմ հանել ռազմաբազան: Բնականաբար, փոխարենը ինչ-որ կարևոր բան կուզի, չեմ կարող ասել՝ ինչ: Ամբողջ հարցն այն է, որ կոնցեսիա վերցնողը, ռազմաբազա հանողը Փաշինյանը չէ: Երբ խոսում ենք խոշորագույնների միջև փոխհարաբերությունների մասին, բոլորը բոլորին կարող են վնասել. դա թույլ չտալու համար ինչ-որ պահի կպայմանավորվեն:
  • Իսկ արդյո՞ք ադապտացիայի ռեժիմ կարող է աշխատել նաև գազի մասով, և Հայաստանը ռուսական գազ, բայց Ադրբեջանի անունով կսկսի ներկրել ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից, ու ի՞նչ կստանա դրա դիմաց Ռուսաստանը: Իսկ կարո՞ղ է դա ուզում են անել, որ Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան կոմունիկացիայի մի նոր գիծ բացվի:
  • Փաշինյանն ինչպե՞ս պետք է Հայաստանի հասարակությանը համոզի, որ պետք է ադրբեջանական գազ գնի: Նույն կերպ, ինչպես համոզեց, որ պետք է մարսել Արցախի կորուստը: Այսինքն՝ կասի, իբրև թե սա արվում է Հայաստանի անկախության համար… Նաև կասի՝ Ռուսաստանը մեզ ուզում է պատժել գազը թանկացնելով, բայց մենք հո տեղի չե՞նք տա ու կորցնենք մեր անկախությունը: Փաշինյան ֆիգուրն ապահովում է Ռուսաստանի ալիբին, որովհետև հասարակության մի զգալի մասն էլ օբյեկտիվորեն գազի թանկացման համար Փաշինյանին է մեղադրելու: Այս մեխանիզմը խաղարկելով է, որ Արցախի կորստից հետո Փաշինյանը մնացել ու շարունակում է մնալ իշխանության:
  • Երկաթուղին Ռուսաստանը 2008-ին կառավարման է վերցրել, որպեսզի հետագայում Եվրոպայով ճանապարհ ունենան դեպի Չինաստան: Կայսրությունները 30-40 տարվա կտրվածքով են մտածում: Դրա համար են իրենք հիմա խոսում Թուրքիայի հետ, զուտ երկաթուղու հարցով: Եթե ուզենան Հայաստանը պաշտպանել, մի խոսքով կպաշտպանեն: Ինչների՞ն է պետք 102-րդ ռազմակայանը, երբ այսօրվա աշխարհում դրոններով այն կարող են քարուքանդ անել: 
  • Սիմվոլներն աշխատում էին հին աշխարհում: Նոր աշխարհում պետության ղեկավարին կարող են իր ննջարանից վերցնել ու տանել, բանտարկել:
  • Եթե մենք ունենք իշխանություն, որն իր կորուստները որպես հաղթանակ է ներկայացնում, բնական է, որ դրսում նրան ներկայացվելու են պահանջներ, ինքն էլ դրանք կատարելու է: 
  • Մարդը, որը ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, Հայաստանին վերաբերող հարցերով ասում է՝ ինչ ուզում եք, արեք, ուզում եք ռազմաբազան հանեք՝ հանեք, ուզում եք ՀԱՊԿ-ից հանեք՝ հանեք… Սա մակույկով ծովին հանձնված մարդու վարքագիծ է: Մենք ամեն օր մեր ինչ-որ իրավունք արտապատվիրակում ենք: 
  • Հենց հիմա մենք Ադրբեջանին տալիս ենք Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը: Մենք իրավազուրկ պետություն ենք դառնում, իսկ այդ պետություններն ի՞նչ ճակատագիր են ունենում: Մեր հասարակությանը հիմա դաստիարակում են այնպես, որ դու պետք է հավատաս նրան, ինչ շոշափում ես: Ֆեստիվառը շոշափում ես, էժան ավիատոմսը, վիզան դեպի Եվրոպան շոշափում ես, իսկ անցյալդ՝ ոչ: Սա են հիմա ներարկում մեր հասարակության մեջ: Ես դեմ չեմ դեպի Եվրոպա ճամփորդելուն, բայց երբ դա դառնում է պետության ընկալման առանցքը, չափման գլխավոր միավորը, սա նշանակում է, որ այդ պետությունը, մեղմ ասած, որևէ հեռանկար չունի:

  • Երբ սովորական մարդը թքած ունի՝ Արցախը կա, թե չէ, կարևորը նախկինները կալանավորվում են, ու ինչ-որ տեղից փող է գալիս, ուրեմն մենք ինչ-որ տեղ խոշոր բացթողում ենք ունեցել: Սա մեծագույն խնդիր է: Մարդկային այդ տեսակը աղբ չէ, այլ մեր օրգանիզմի մի մասն է, որը պետք է բուժել: Օրգանիզմն այնքա՜ն հիվանդ է: Երեք տասնամյակ պետական էլիտա եղածներն այս մասին պետք է մտածեին՝ ունենալով մեր միջավայրային ռիսկերը: Չի եղել պետության օրակարգում այն հարցը, թե ինչպիսի սովորական մարդ ենք ուզում ունենալ մենք: Եվ սա մեծագույն բաց է, սա վերածվել է մեծագույն հանքի, որն արդյունահանում են անդադար, ու դեռ չի սպառվում:
  • Պետք չէ գերագնահատել ԵԽԽՎ-ի զեկույցն ու ելույթները, որովհետև դա այն կառույցը չէ, որն էական ազդեցություն երբևէ ունեցել է կամ կունենա: Այնտեղ կարող են արտահայտվել նաև ներեվրոպական տրամադրությունները: Անկասկած է, որ դա մի հարթակ է, որտեղ, այո, պետք է ընդդիմությունն էլ աշխատի, և ես ողջունում եմ, որ ընդդիմությունը ԵԽԽՎ-ում աշխատում է:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post