X
    Categories: News

«Իշխանությունն ուզում է մոռացության տա սեպտեմբերի 27-ի օրը… ասենք՝ իրենք մոռա

Հոկտեմբեր 1, 2026

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ ուղերձ չհղեցին, չնայած տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը խոսելով պատերազմում նահատակված տղաների մասին՝ ասում է, որ «նրանք ընկան, որպեսզի ՀՀ-ն լինի»։ Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ որևէ խոսք նա չուղղեց այս հերոսների հիշատակին սեպտեմբերի 27-ին։

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որևէ խոսք չասաց այդ օրը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հակիրճ նշեց.

«Սեպտեմբերի 27-ի մասին 5 տարի շարունակ խոսել ենք, նորություն չկա, որի մասին չենք խոսել։ Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Սեպտեմբերի 27-ին անդրադարձ չենք կատարել, քանի որ 44-օրյա պատերազմի մասին որևէ նոր բան չկա ասելու»։

168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այս լռության և սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված Թաթա Սիմոնյանի 2 ժամանոց համերգի մասին, ասաց՝ չնայած համերգից հետո հեռուստաընկերությունը և երգիչն անձամբ ներողություն խնդրեցին, բայց արդյո՞ք դա բավարար էր և արդյո՞ք սփոփեցին այն մարդկանց, որոնք 44-օրյայում և դրանից հետո ունեցել են զոհեր։

Կարդացեք նաև

  • «Խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստ լինենք պատերազմի». Յաշար Գյուլերի ուղերձն օկուպացված Արցախից
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան
  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել

«Չգիտեմ, դուք կհիշե՞ք, թե՞ ոչ, բայց նախկինում Հանրային հեռուստաընկերության մեկ շաբաթվա ծրագիրը կազմվում էր նախապես ու տպվում։ Հեռուստաընկերությունը նման հապճեպ ծրագիր չի դնում, հետևաբար՝ սա մեկ օրում կազմված ծրագիր չի եղել, այլ նախապես ծրագրված է եղել։ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգի համար որևէ մեկը պատասխան չի տվել։ Իրենց ներողությունը բավարար չէ, այսինքն՝ որևէ մեկնը այդ քայլի համար պատասխանատու չէ՞»,- նշեց Վահիդ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որևէ մեկը չի ճանաչվում մեղավոր, 44-օրյա պատերազմի համար որևէ մեկն իրեն մեղավոր չի զգում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, սակայն ոչ թիվ մեկ մեղավորը։ 6 տարի է՝ պատերազմում նահատակված տղաների ծնողներն ուզում են հասկանալ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չէ մեղավոր, ապա ո՞վ է մեղավորը։

«Իբր մի քանի տարի է՝ մարդկանց են դատում, չգիտեմ էլ՝ դատո՞ւմ են, թե՞ չէ։ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույց պատրաստեցին, որը պետք է հրապարակվեր, բայց այդպես էլ մնաց փակի տակ։ Ինքս համարվում եմ տուժողի իրավահաջորդ, քանի որ դատական ատյաններով դա հաստատվել է, հետևաբար՝ որպես տուժողի իրավահաջորդ՝ ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է մեղավորը։ Դավաճանության, անփութության պատճառով  այս ամենը տեղի ունեցավ։ Եթե կա արդարադատություն և այս երկրում կա իրավական համակարգ, ապա թող ինձ ցույց տան։ Նույն Հանրային հեռուստաընկերության տնօրենը թող ելույթ ունենա և ասի, թե ինչ պատճառով է հենց սեպտեմբերի 27-ին պետական հեռուստաալիքով համերգ հեռարձակել, ինչո՞ւ են որոշել այդ օրը տոնախմբություն կատարել։ Իհարկե, կյանքը շարունակվում է, ուրախանալ պետք է, հատկապես մեր երիտասարդներին, բայց հատուկ օրեր կան, որ պետք է հարգել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ Հանրայինը պետական հեռուստաընկերություն է, իր ֆինանսավորումը բյուջեից ստանում է Կառավարությունից, ուստի կասկածից վեր է, որ այդ ամենի մեջ խառն է նաև Կառավարության «մատը»։

«Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է առհասարակ մոռացության տա սեպտեմբերի 27-ի օրը։ Ասենք՝ իրենք մոռացան, մենք հո չե՞նք մոռանալու, այդ զոհերի հարազատները հո չե՞ն մոռանալու։ Թող 2 հազար մարդ մոռանա, բայց հարյուր-հազարավորները հիշելու են։ Այստեղ ես միտումնավորություն եմ տեսնում, առանձնապես՝ Կառավարության կողմից։

Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի, Արցախը տվեց, որ ՀՀ-ն մնա, բայց այսօր արդյո՞ք կարողանում է այդ ինքնիշխանությունը պահպանի։ 200 քկմ տարածք Ադրբեջանի հսկողության տակ է, որտեղ ամեն օր ամրաշինական աշխատանքներ է կատարում, սա նշանակում է, որ իրենք բացարձակապես միտք չունեն այդ տարածքներն ազատելու։ Առաջարկում եմ սահմանազատում ու սահմանագծում սկսեն հենց Ջերմուկից, առաջիկայում կտեսնենք, թե ինչ խաղաղություն են բերել»,- ընդգծեց Վահիդ Սահակյանը։

Նշենք, որ այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված համերգից, ասաց, որ եթե խորությամբ դիտարկեն, ապա ՀՀ պատմության 360 օրը ողբերգական օր է, ի՞նչ է, պետք է բոլոր ռեստորանները, զվարճալի հաղորդումները փակվե՞ն։

Զվարթ Խաչատրյան

—

Maral Chavushian:
Related Post