Հոկտեմբեր 2, 2026
Փախստականների վերադարձի իրավունքի իրացումը միջազգային իրավունքի շրջանակներում շարունակում է մնալ առավել բարդ և դժվար լուծելի խնդիրներից մեկը: Այն հատկապես սուր դրսևորումներ ունի Եվրասիական տարածաշրջաններում, որոնք հաճախ են դառնում աշխարհաքաղաքական բախումների ասպարեզներ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ խնդիրը վերաբերում է ինքնորոշման հակամարտությունների ժամանակ տարածաշրջանից բռնի, ռազմական ուժով դուրս մղված փախստականներին, ու գործընթացը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի սուր փուլում։
Օգտվելով այն հանգամանքից, որ ազդեցիկ պետություններն իրենք են ոտնահարում միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու զբաղված են ազդեցության վերաբաժանման գործընթացով, մետրոպոլիաները հաճախ փորձում են ռազմական ագրեսիայի կիրառմամբ հասնել հակամարտությունների հանգուցալուծմանը՝ դուրս մղելով ինքնորոշվող ժողովրդին իր բնակության տարածքից։ Այդ դեպքում ոչնչացումից խուսափած փախստականների վերադարձի իրավունքը դիտարկվում է ոչ միայն որպես նրանցից յուրաքանչյուրի անձնական իրավունք, այլև նրանց, որպես ժողովրդի, ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն, երբ փախստական է դարձել այդ ժողովուրդն ամբողջությամբ կամ նրա զգալի մասը։
Այդ բարդ միջգիտակարգային խնդրի լուծումը հոդվածում դիտարկվում է իրավական և քաղաքական բաղադրիչների համադրությամբ՝ պարզելու համար, թե որոնք են փախստական դարձած բնակչության վերադարձի հնարավորություններն ու խոչընդոտները։ Նախ, քննարկվում են փախստականների վերադարձի իրավական հիմքերը միջազգային իրավունքի շրջանակում։ Ապա, երեք ինքնորոշման հակամարտությունների (Արևելյան Թիմոր, Կոսովո, Արևմտյան Սահարա) դեպքում փախստականների վերադարձի տարբեր (հաջողված, մասնակի հաջողված և չհաջողված) դեպքերի համեմատական ուսումնասիրությամբ փորձ է արվում մոդելավորել, թե ինչ գործոններով է պայմանավորված եղել վերադարձի հաջողությունը։ Այդ հետազոտության արդյունքների հիման վրա գնահատվում է, թե ինչ նպաստավոր գործոններ կան Լեռնային Ղարաբաղի փախստականների վերադարձի համար, որոնք են դրա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման մեխանիզմները։
Բանալի բառեր
Փախստականներ, վերադարձի իրավունք, միջազգային իրավունք, ինքնորոշման հակամարտություն, աշխարհաքաղաքական տրանսֆորմացիա, Լեռնային Ղարաբաղ
Նախաբան
Միջազգային հարաբերություններում առավել հաճախ քննարկվող խնդիրներից են էթնոքաղաքական հակամարտությունների լուծումն ու դրա հետևանքով առաջացած փախստականների խնդիրը։ Այն հատկապես արդիական ու լուծման կարոտ է Եվրասիական տարածաշրջաններում, որտեղ առավել հաճախ են բախվում աշխարհաքաղաքական շահերը։ Այսօր նմանատիպ խնդիրների ծայրահեղ արդիականությունը մի շարք եվրոպական երկրներում ավելի քան ակնհայտ է։ Մի խումբ այլ երկրներ (Բանգլադեշ, Թուրքիա և այլն) փախստականների խնդիրը փորձում են օգտագործել նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում իրենց դիրքերը բարելավելու համար (Fakhoury & Mencütek 2023)։
Անգամ Միացյալ Նահանգները, որը ստեղծվել է միգրացիայի արդյունքում, այդ երևույթը համարում է անվտանգության սպառնալիք ու լուրջ մարտահրավեր (National Security Strategie 2025)։ Ընդ որում, խնդիրը բարդացնում է ոչ միայն փախստականների հոսքերի շարունակական աճը, այլև դրանց առաջացման պատճառների բազմաբնույթ էությունը։ Փախստականների հոսքեր են ձևավորում իրենց կենսապահովման պայմաններից դժգոհ մարդիկ, քաղաքական հետապնդումների ենթարկվողները, պատերազմական գործողություններից տուժածները, դրա հետևանքով ֆիզիկական ոչնչացման վտանգի ենթարկվածները, էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկվածները և այլն։
Առանձնահատուկ խումբ են այն մարդիկ, որոնք ինքնորոշման հակամարտության հետևանքով ենթարկվել են ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, հայտնվել են ցեղասպանության վտանգի առաջ ու ստիպված են եղել հեռանալ իրենց տարածաշրջանից ու ապաստան գտնել այլ պետություններում։ Այդ դեպքում մի կողմից խախտվում են միջազգային իրավունքով սահմանված և պաշտպանվող՝ մարդու հիմնարար իրավունքները, իսկ մյուս կողմից՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետևաբար այս դեպքը ոչ միայն ավելի բարդ է, այլև ունի էական առանձնահատկություններ և պահանջում է հատուկ քննարկում։ Ակնհայտ է, որ փախստականների գլխավոր խնդրի լուծումը՝ վերադարձի իրավունքի իրացումը, նույնպես պետք է ունենա առանձնահատկություններ։ Առավել ևս, երբ այդ ամենը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների պայմաններում։
Միջազգային իրավունքում փախստականների վերադարձի իրավունքի իրացումը կապվում է երեք առանցքային չափանիշների՝ կամավորության, ազատ կամքի արտահայտման և ինստիտուցիոնալ երաշխիքների հետ։ (Macdonald & Porter 2020; UN Refugee 2022)։ Այդուհանդերձ, այն ունի տարատեսակ մեկնաբանություններ (Pearson 2021; Cole & Belloni 2022), քանի որ փախստականների վերադարձի իրավունքի իրացման հստակ մեխանիզմներն ու ընթացակարգերը պայմանավորված են նաև կոնկրետ հակամարտության առանձնահատկություններով (Markard 2025; Mueller & Rauh 2024; Bell & Wise 2022)։
Մյուս կողմից, վերադարձի գործնական իրացման փորձերի վերլուծությունը վկայում է, որ փախստականների վերադարձի իրականացման գործընթացի ապահովումն անհնար կլինի խոցելի անվտանգային միջավայրի առկայության, ինչպես նաև միջազգային հանրության ու կազմակերպությունների աջակցության, խաղաղապահ ուժերի օժանդակության և անվտանգային մեխանիզմների բացակայության պայմաններում: Հակառակ պարագայում վերադարձը կարող է առաջացնել նոր լարվածություններ (Blair & Wright 2022)՝ բարձրացնելով մետրոպոլիայի կողմից մարդու իրավունքների խախտումների, բռնությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ ուղղված և այլ հանցագործությունների կատարման ռիսկը։ Ընդ որում, փախստականների վերադառնալու իրավունքի իրացումը կարելի է դիտարկել բացառապես վերջիններիս բնակավայրերի անվտանգ լինելու համատեքստում (Adema et al. 2024)։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցները փաստում են, որ վերադարձի կայուն հնարավորությունն առավելապես կախված է անվտանգային սպառնալիքների բացակայությունից, կենսապահովման հասանելիությունից և իրավական պաշտպանությունից՝ հատկապես շարունակվող ռազմական ռիսկերի պարագայում (Adema et al. 2024; UN Refugee 2022)։ Միջազգային միջամտության ու ՄԱԿ-ի խաղաղապահության համադրությունը դիտվում է որպես արդյունավետ գործիքակազմ՝ վստահության և անվտանգության միջավայր ստեղծելու համար, որը թույլ կտա վերադարձը դիտարկել ոչ թե որպես «մեկանգամյա միջոցառում», այլ փուլային գործընթացի իրականացում (Hayner 2022)։ Այս առումով, միջազգային միջնորդությունը, խաղաղապահ առաքելություններն ու անվտանգային մեխանիզմները կարող են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ վերադարձող բնակչությունը կարող է իրեն զգալ անվտանգ և պաշտպանված:
Միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման հակամարտության ժամանակ փախստական դարձած բնակչության վերադարձի իրավական հիմքերի, ինչպես նաև Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Արևմտյան Սահարայի ինքնորոշման հակամարտություններում փախստականների վերադարձի իրավունքի իրացման միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ձևակերպված հիմնական գործոնների բացահայտումը կարող է էականորեն նպաստել այլ հակամարտությունների ժամանակ ֆիզիկական ոչնչացման վտանգից խուսափելու նպատակով հեռացած փախստականների վերադարձի գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Հոդվածում դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հակամարտության ժամանակ փախստական դարձած բնակչության վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունները՝ այդ փորձի կիրառման հիման վրա:
Հոդվածի կարևոր ներդրումները փախստականների վերադարձին նվիրված գրականության մեջ երկուսն են։ Առաջին, բացահայտվում են ինքնորոշման հակամարտությունների ժամանակ, աշխարհաքաղաքական մրցակցության շարունակական թեժացման պայմաններում իրենց բնակության տարածքից բռնի, ռազմական ուժի կիրառմամբ դուրս մղված փախստականների վերադարձի հնարավորություններն ու դժվարությունները, և, երկրորդ, մոդելավորվել է այդ դեպքում վերադարձի գործընթացը՝ առանձնացվել են դրա արդյունավետության վրա ազդող գործոնները, ինչը հիմք կարող է դառնալ հետագա նման գործընթացների համակարգային պլանավորման ու իրականացման համար։
Մեթոդաբանություն
Հոդվածում խնդիրը քննարկվում է որպես միջգիտակարգային վերլուծության առարկա։ Մեթոդաբանական այս մոտեցումը թույլ է տալիս ինքնորոշման հակամարտությունների ժամանակ փախստական դարձած մարդկանց վերադարձի իրավունքի իրացումը դիտարկել ոչ միայն որպես իրավական խնդիր, այլև որպես քաղաքական գործընթացի հիմք, որը ձևավորվում է փախստական ժողովրդի ներկայացուցիչների ինստիտուցիոնալ կարողությունների մոբիլիզացիայի և միջազգային դերակատարների ներգրավվածության արդյունավետ համադրմամբ։ Օրինաչափությունների բացահայտման նպատակով նախ առանձնացվում է այն գործոնների համախումբը, որոնք էական ազդեցություն ունեն այդ դասին պատկանող փախստականների վերադարձի գործընթացի վրա։ Որպես հետազոտության օբյեկտներ ընտրված են հաջողված, մասնակի հաջողված և չհաջողված վերադարձների մեկական օրինակներ (George 2000)՝ համապատասխանաբար Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Արևմտյան Սահարայի դեպքերը։
Հակամարտությունների համեմատական վերլուծության մեթոդի (Torosyan, Petrosyan 2015) կիրառմամբ վերլուծվել են այդ ինքնորոշման հակամարտությունների ընթացքում փախստական դարձած բնակչության վերադարձի գործընթացները՝ նպատակ ունենալով բացահայտել այն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ գործոնները, որոնցով դիտարկված դեպքերում պայմանավորված է եղել վերադարձի գործընթացների հաջողությունը կամ անհաջողությունը։ Այդ նպատակով հետազոտությունում ուսումնասիրվել են միջազգային կառույցների, խաղաղապահ առաքելությունների և այլ սուբյեկտների դերակատարությունն ինքնորոշման հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձի իրականացման գործընթացներում։ Մասնավորապես, որպես անվտանգ միջավայրի ձևավորման միջոց, հետազոտությունը հատկապես կենտրոնացել է միջազգային նորմերի վերլուծության, քաղաքական գործիքների կիրառման, մետրոպոլիայի կողմից ուժի կիրառման կանխարգելման և անվտանգային երաշխիքների ստեղծման վրա։ Արդյունքում մոդելավորվել է նշված դասի փախստականների արդյունավետ վերադարձի գործընթացը, ինչը հետագայում հնարավորություն կտա մեծացնել նման գործընթացների արդյունավետությունը։
Ձևավորված մոդելի փորձարկման նպատակով դիտարկվում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացում տարածաշրջանից բռնի, ռազմական ուժի կիրառմամբ դուրս մղված բնակչության վերադարձի հնարավորություններն ու դժվարությունները։ Այդ նպատակով վերլուծվում են վերոհիշյալ գործոնների կիրառմամբ վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունները։ Հաշվի են առնվել միջազգային իրավական հիմքերը, հակամարտության հետպատերազմյան իրադարձությունների դինամիկան, կողմնակի միջամտությունները, տարածաշրջանային ուժային հարաբերությունները և միջազգային միջնորդության հնարավորությունները: Դա հնարավորություն կտա գնահատել, թե ինչպիսի պայմանների առկայության դեպքում փախստականների վերադարձը կարող է դառնալ իրատեսական և արդյունավետ գործընթաց։
Հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձի հիմքերը միջազգային իրավունքի համատեքստում
Հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձի իրավունքը հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում միջազգային քաղաքականության առանցքային հիմնահարցերից մեկն է՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի և, միաժամանակ, մարդու և ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման հիմք։ Միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթեր (Geneva Conventions 1949) ամրագրում են, որ քաղաքացիական անձինք չեն կարող զրկվել իրենց բնակության վայր վերադառնալու հնարավորությունից, իսկ ՄԱԿ-ի ուղեցուցային սկզբունքներն ընդգծում են փախստականների վերադարձի երեք հիմնարար չափորոշիչներ՝ սահմանելով, որ վերադարձը պետք է լինի կամավոր, անվտանգ և արժանապատիվ (GP 2004)։ Սիրիայի հակամարտության դեպքի ուսումնասիրության արդյունքում 2018 թվականին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացրած փաստաթուղթը սահմանել է փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի պարամետրերը.
1) ռազմական գործողությունների ավարտ կամ զգալի և կայուն կրճատում,
2) կամավոր վերադարձի պայմանները, անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքները, մոնիթորինգի և հասանելիության մեխանիզմները կանոնակարգող վերադարձի համաձայնագրի կնքում փախստականներին ընդունած պետության, ծագման երկրի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) միջև,
3) վերադարձողների ֆիզիկական, իրավական և նյութական անվտանգության ապահովման երաշխիքների առկայություն,
4) ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողական պատասխանատվության և բոլոր փախստականների ու վերադարձողների անարգել մուտքի երաշխիքների նկատմամբ հարգանք (UNHCR 2018):
Այս կարգավորումների համատեքստում կարելի է արձանագրել, որ փախստական անձանց վերադարձը միջազգային իրավունքում դիտարկվում է ոչ թե որպես բնակչության մեխանիկական տեղաշարժ մի վայրից մյուսը, այլ որպես բազմափուլ գործընթաց, որտեղ առաջնայինը մարդու կամքի ազատ արտահայտման, անվտանգության և հիմնարար մյուս իրավունքների ապահովումն է։
Մինչդեռ նշված հանգամանքը հաճախ վերածվում է միջազգային պարտավորությունների և մետրոպոլիայի պետական քաղաքականության միջև իրավական և քաղաքական հակասության (Tazzioli 2022)։ Չնայած միջազգային կառույցները ձգտում են արդյունավետ դարձնել վերադարձի նորմերն ու գործընթացները, այնուամենայնիվ, վերադարձի քաղաքականության մշակումը բախվում է բազմաթիվ դիլեմաների, որոնք բխում են վերադարձի վերաբերյալ տարբեր ընկալումներից, վերադարձը կարգավորող դերակատարների լայն շրջանակից և վերջիններիս կարգավիճակից, ինչպես նաև կառավարման տարբեր մակարդակների հարաբերակցության դժվարություններից։
Մյուս կողմից, փախստականների վերադարձի երաշխավորմանը նպաստելու կոնկրետ գործիքների կամ պարտավորությունների բացակայությունը միջազգային կառույցների համար առաջ է բերում մեկ այլ դիլեմա՝ մի կողմից աջակցել այն փախստականներին, որոնք իրացնում են իրենց վերադարձի իրավունքը, մյուս կողմից՝ երաշխավորել վերադարձի և կեցության անվտանգ ու արժանապատիվ բնույթը։
Վերադարձը անհատական իրավունք է, որը պետք է իրականացվի սեփական ընտրությամբ (European Union 2019), և, չնայած փախստականները միշտ ունեն վերադառնալու իրավունք, մետրոպոլիայի ստեղծած պայմանները խոչընդոտում են միջազգային իրավունքին համապատասխան անվտանգության և արժանապատվության պայմաններում կազմակերպված կամավոր վերադարձի իրականացմանը: Վերադարձն իրավունք է, որը պետք է իրացվի անհատի ազատ և տեղեկացված որոշման հիման վրա (European Union 2020), անվտանգ և արժանապատիվ պայմանների ապահովմամբ:
Թեև միջազգային իրավունքի նորմերը վերադարձի իրավունքի ապահովման համար սանկցիաներ չեն նախատեսում, այնուամենայնիվ, դրանք իրավական այն հիմնաքարերն են, որոնց միջոցով վերադարձի իրավունքը կարելի է դիտարկել որպես մարդու անօտարելի իրավունք և ապահովել փախստականների վերադարձի իրավունքի իրացումը։ Միաժամանակ, միջազգային իրավունքի նորմերով ամրագրված դրույթների պարագայում փախստականների վերադարձը չի կարող իրագործվել առանց անվտանգության բավարար և անհրաժեշտ երաշխիքների։ Այս տեսանկյունից հարկ է հաշվի առնել նաև այն իրողությունները, որոնք պայմանավորում են վերադարձի հնարավորությունները կամ դրա իրագործման խոչընդոտները։ Ընդ որում, հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձը հաճախ պայմանավորված է ոչ միայն իրավական, այլև քաղաքական գործոններով։
Փախստականների վերադարձի գործընթացում կարող են ներգրավված լինել տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, տարածաշրջանային և տեղական կառույցներ, ինչով պայմանավորված՝ վերադարձը կարող է ստանալ առանձնահատուկ բովանդակություն՝ կիրառվելով որպես տարածքային վերահսկողության, անվտանգային ռազմավարությունների և արտաքին քաղաքականության գործիք (Fakhoury & Mencütek 2023)։ Այս մոտեցումը փաստում է, որ վերադարձի քաղաքականությունն ունի ոչ միայն մարդասիրական նպատակ (Spathopoulou et al. 2022), այլև պայմանավորում է տարածաշրջանային ուժերի միջև մրցակցությունն ու այդ ուժերի հարաբերակցությունը։ Այսինքն՝ փախստականների վերադարձի իրավունքի գործնական իրականացումը պայմանավորված է պետական և միջազգային քաղաքական շահերով և պետություններն այդ գործընթացները հաճախ կիրառում են ըստ իրենց աշխարհաքաղաքական շահերի։
Սա հիմնավորում է մեկ այլ կարևոր հանգամանք՝ միջազգային իրավունքը չի կարող ինքնաբերաբար ապահովել վերադարձի իրագործումը, և պահանջվում է մի շարք դերակատարների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ակտիվ միջամտությունը։ Գործնականում պետությունների աշխարհաքաղաքական շահերը, գործելակերպերը, տարածքի, նորմերի, դիսկուրսների կամ ռեսուրսների նկատմամբ դիրքորոշումները կարևորագույն նշանակություն ունեն փախստականների վերադարձի գործընթացների համար և ձևավորում են դրա կազմակերպման մեխանիզմները:
Վերադարձի և աշխարհաքաղաքական վերադասավորումների գործընթացներում կարևորագույն դերակատարություն ունեն փախստական դարձած անձինք՝ վերադարձի իրենց տարբերակների և ուղիների, սցենարների, վերադարձի ժամկետների և պայմանների մշակման գործում:
Վերջիններիս գործողությունները կարող են լինել բողոքի ցույցերի, վերադարձի համար տարաբնույթ քաղաքական ակցիաների, գործընթացներին քաղաքացիական հասարակության ներգրավման և այլ ձևերով: Այդ գործողություններում պետական և ոչ պետական կազմակերպությունները կարող են ոչ միշտ համակարծիք լինել վերադարձի հարցերի շուրջ (Fakhoury 2021; Zieck 2004). այս տարաձայնությունների հիմք են հանդիսանում վերջիններիս շահերը՝ վերադարձի քաղաքականության օրակարգն իրենց օգտին գործիքավորելու տեսանկյունից (Chimni 1998; Zieck 2004): Ուստի կարևոր է տարանջատել սուբյեկտների քաղաքական շահերը և դրանք օգտագործել ի նպաստ վերադարձի գործընթացների:
Կարելի է արձանագրել, որ ինքնորոշման հակամարտություններում փախստականների վերադարձի գործընթացի հնարավորությունները հաճախ կախված են ոչ միայն իրավական դրույթներից, այլև աշխարհաքաղաքական շահերից և անվտանգային իրավիճակներից։
Դրանք չեն կարող արձանագրել լավագույն արդյունքներ, եթե չլուծվեն մարդկանց (բնակչության) փախստական դառնալու խորքային պատճառները՝ ինքնորոշման գործընթացներ, էթնիկ զտումներ, բռնություններ, ցեղասպանություն, անապահովություն (Costalli et al. 2024)։ Ուստի վերադարձի իրավական հիմքերը պետք է դիտարկվեն ոչ թե մեկուսացված, այլ որպես լայնածավալ գործընթացի մաս, որտեղ միջազգային իրավունքի սկզբունքները համադրվում են մի շարք քաղաքական և իրավական գործոնների հետ։
Միջազգային իրավունքի շրջանակներում փախստականների վերադարձի պրակտիկան
Ինքնորոշման հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձի առանձնահատկությունները պարզելու նպատակով կուսումնասիրվեն Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Արևմտյան Սահարայի հակամարտությունների ընթացքում տեղի ունեցած վերադարձի գործընթացները, դրանց մեջ միջազգային կառույցների դերակատարությունը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք նպաստել և անհրաժեշտ պայմաններ են ստեղծել փախստականների վերադարձի համար: Այդ հակամարտությունների ընթացքում մետրոպոլիաների կողմից բնիկ ժողովրդին իր բնակության տարածքից բռնությամբ դուրս մղելու քաղաքականության վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականների և վերջիններիս գործողությունների ուսումնասիրությունը նպատակ է հետապնդում վեր հանել այդ գործընթացների առանձնահատկությունները:
Բացի այդ, Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Արևմտյան Սահարայի ինքնորոշման հակամարտություններում փախստական բնակչության վերադարձի գործընթացներն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանցում փախստականների վերադարձը ոչ միայն մարդասիրական կամ իրավական խնդիր է, այլև ուղղակիորեն առնչվում է ինքնորոշման իրավունքի հարցերին։ Ավելին, այդ ինքնորոշման հակամարտությունների ընթացքում փախստական բնակչության վերադարձի համեմատական վերլուծությունը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչու են միջազգային իրավունքի նորմերը տարբեր հակամարտությունների ընթացքում կիրառվել տարբեր կերպ ու տվել տարբեր արդյունքներ։
Արևելյան Թիմոր
Արևելյան Թիմորի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) ճանաչել է դեռևս 1975 թվականին (S/RES/384 1975): Սակայն տևական ժամանակ մի շարք երկրներ՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, պաշտպանում էին Ինդոնեզիայի հավակնություններն Արևելյան Թիմորի տարածքի նկատմամբ՝ խրախուսելով Ինդոնեզիայի արևմտամետ դիրքորոշումը (Bell 2000): Այդուհանդերձ, առաջին հերթին արևելաթիմորցի ժողովրդի ու նրա առաջնորդների արիության ու վճռականության, ինչպես նաև հսկայական դժվարությունները հաղթահարելու պատրաստակամության շնորհիվ (Martin and Mayer-Rieckh 2005)՝ ՄԱԿ-ի հովանու ներքո 1999 թվականին անցկացվեց անկախության հանրաքվե, և Արևելյան Թիմորն անկախություն նվաճեց։
Ի պատասխան, Ինդոնեզիայի աջակցությունը վայելող զինված խմբերը կազմակերպեցին զանգվածային բռնություններ՝ ստիպելով հազարավոր մարդկանց լքել իրենց բնակավայրերը։ 2000 թվականին ստեղծված՝ ՄԱԿ-ի ժամանակավոր վարչական առաքելությունը (UNTAET) ստանձնեց թե՛ պետական ինստիտուտների ձևավորման, թե՛ փախստականների վերադարձի համակարգման գործառույթները՝ մշակելով ամբողջական վերաինտեգրման ծրագրեր։ Վերջինս ստեղծեց հնարավորություններ՝ փախստականների զգալի մասի վերադառնալու և պետականաշինության գործընթացում ներգրավվելու համար: Արևելյան Թիմորում փախստականների վերադարձի գործընթացում միջազգային կառույցներն իրավական կարգավորումների շրջանակներում կարողացան ապահովել, որ վերադարձը չդառնա զուտ ֆորմալ գործընթաց, այլ վերածվի կայուն պետականաշինության (Hammond 2014; Dolan, Large & Obi 2004)։ Այստեղ գործնականում կիրառվեցին «անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի» չափանիշները, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ միջազգային իրավունքը կարող է արդյունավետ իրագործվել, եթե այն ուղեկցվում է միջազգային կառույցների ակտիվ միջամտությամբ և վերահսկողությամբ։
Սակայն, Արևելյան Թիմորի դեպքն առանձնանում է հատկապես նրանով, որ փախստականներն ընկալվում էին ոչ միայն որպես ինքնորոշման ու վերադարձի իրավունքների կրողներ, այլև կարևոր դերակատարներ, որոնք տասնամյակների ընթացքում դրսևորեցին քաղաքական կամք, հասան իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանն ու պետության միջազգային ճանաչմանը՝ անդամակցությանը ՄԱԿ-ին, մասնակցեցին վերադարձի պայմանների ձևավորմանը, ներգրավվեցին ինստիտուցիոնալ կառույցներում և վճռորոշ ազդեցություն ունեցան միջազգային իրավունքի նորմերի գործնական կիրառման վրա։
Արևելյան Թիմորի վերադարձի գործընթացը վկայում է, որ նույնիսկ հաջողված միջամտությունների պարագայում վերադարձը ներառում է աշխարհաքաղաքական տարրեր (Fakhoury & Mencütek 2023), ուստի միջազգային իրավունքի իրագործումը հնարավոր է միայն քաղաքական կամքի և միջազգային ճնշման համադրման պարագայում։ Այսպիսով, Արևելյան Թիմորը կարելի է դիտարկել որպես հաջողված դեպք, որտեղ միջազգային իրավունքը համադրվեց փախստականների ներգրավվածության և միջազգային ինստիտուցիոնալ միջամտության հետ (Bradley 2023), ու հաջողությունն ապահովվեց հետևյալ գործոնների շնորհիվ․
– անկոտրում քաղաքական կամքի դրսևորում՝ չնայած դաժան բռնություններին,
– ՄԱԿ-ի ամբողջական վարչարարության (UNTAET) ապահովում, երբ ՄԱԿ-ը ստանձնեց ոչ միայն Արևելյան Թիմորի անվտանգության ապահովման, այլև օրենսդիր և գործադիր իշխանության գործառույթների իրականացումը՝ ապահովելով վերադարձի գործընթացի կառավարումը,
– փախստականների կազմակերպված և համակարգված վերադարձի իրականացում, ինչպես նաև վերջիններիս ներգրավվածության ապահովում՝ վերադարձի պայմանների ձևավորման գործընթացներում,
– անվտանգության աստիճանական վերականգնում՝ միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ և վերահսկողությամբ բռնության ռիսկերի նվազեցման և անվտանգ կենսագործունեության միջավայրի ստեղծման միջոցով։
Կոսովո
Կոսովոյի հակամարտության ներկայիս փուլը սկիզբ է առել Հարավսլավիայի փլուզումից հետո։ 1990-ականների երկրորդ կեսին վերացվեց Կոսովոյի ինքնավարությունը, սկիզբ առան զինված բախումներ, և երկրից հեռացան տասնյակ հազարավոր բնակիչներ։ 1999-ին ՆԱՏՕ-ի միջամտությունից հետո նշանակված՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ջանքեր էր գործադրում հակամարտության կարգավորման համար, իսկ ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա ստեղծված միջազգային վարչական ռեժիմը (UNMIK), այլ խնդիրների լուծման հետ փորձում էր նպաստել փախստականների վերադարձին Կոսովո։ Սակայն դա համատարած բնույթ չունեցավ (Kuschminder & Dubow 2023b). շատերը խուսափում էին վերադարձից՝ վախենալով հետապնդումներից կամ սոցիալական մեկուսացումից։ Հատկանշական է, որ, չնայած ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներկայությանը և ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությանը, անվտանգության երաշխիքները բավարար չէին փախստականների շրջանում իրական վստահություն ձևավորելու համար։
Գլխավոր մտահոգությունն այն էր, որ պարզ չէր, թե ինչ լուծում կունենա Կոսովոյի կարգավիճակի հարցը (Torosyan 2012)։ Երբ 2003-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց «Նախ ստանդարտներ, ապա կարգավիճակ» փաստաթուղթը, որը նախատեսում էր Կոսովոյի կարգավիճակի հարցը քննարկել ժողովրդավարացման ստանդարտների ներդրումից հետո, որը կարող էր իրականացվել առնվազն մի քանի տասնամյակի ընթացքում, վերսկսվեցին զինված բախումները սերբերի ու կոսովցի ալբանացիների միջև, ու ևս մի քանի տասնյակ հազար մարդ դարձավ փախստական։
Միայն դրանից հետո ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Կայ Էյդեն, ապա Մարտտի Ահտիսաարին ՄԱԿ ԱԽ-ին զեկուցագիր ներկայացրեցին, որ այդ հակամարտության կարգավորման այլ հնարավորություններն այլևս անօգուտ են, կողմերն անհամատեղելի են, և միակ լուծումը մնում է Կոսովոյի անկախությունը։ 2010 թվականին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը (ՄԱԿ ԱՄԴ), ի պատասխան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2008 թվականի դիմումի, ներկայացրեց խորհրդատվական կարծիք, որ Կոսովոյի կառավարման ժամանակավոր մարմիններն իրավունք ունեին 2008 թվականի փետրվարին միակողմանիորեն հռչակել Կոսովոյի անկախությունը։
Այդուհանդերձ, Կոսովոյի անկախության ճանաչման՝ ՄԱԿ-ին անդամակցության, հարցը մնում է չլուծված, թեև հարյուրից ավելի պետությունների հետ հաստատվել են երկկողմ միջպետական հարաբերություններ։ Արդյունքում՝ Կոսովոյի թե՛ ալբանացի, թե՛ սերբ փախստականների վերադարձը հիմնականում ձախողվել է՝ էթնիկ հակասություններով և անվտանգային ռիսկերով պայմանավորված։ Ավելին, միջազգային իրավունքի սահմանած «անվտանգության և արժանապատվության» չափանիշները գործնականում չիրականացվեցին ոչ միայն անվտանգության բացակայության, այլև հատկապես այն պատճառով, որ միջազգային կառույցները վերադարձի գործընթացը դիտարկել են որպես մարդասիրական պարտավորություն, այլ ոչ թե ինստիտուցիոնալ քաղաքականություն և հակամարտության երկարաժամկետ կայուն լուծում (Zetter 2014; OSCE 2000)։ Բացի այդ, ի տարբերություն Արևելյան Թիմորի, Կոսովոյում փախստականները հիմնականում դուրս են մնացել որոշումների կայացման գործընթացից, ինչն էլ հանգեցրել է վերադարձի իրավունքի թերի իրացման։
Կոսովոյում վերադարձի իրավունքը լիարժեքորեն չիրագործվեց, վերադարձը հաճախ բախվեց անվտանգության ու արժանապատվության խորքային խնդիրների, իսկ իրավական երաշխիքները չվերացրեցին փախստականների վախերն ու դիմադրությունը, քանի որ նույնիսկ միջազգային ներգրավվածության պայմաններում իրավունքը բավարար չէ, եթե բացակայում են հակամարտության կարգավորման մեխանիզմները (Ambrosius 2025): Կոսովոյի օրինակն ընդգծում է, որ առանց հակամարտության կարգավորման և անվտանգության ապահովման՝ միջազգային իրավունքը դառնում է «սահմանափակ գործունակ» (Hazlett 2020), իսկ փախստականների վերադարձը դառնում է ձևական և չի հանգեցնում երկարաժամկետ խաղաղության հաստատման: Այդ դեպքում էթնիկ թշնամանքի առկայությամբ վերադարձն ընկալվում է որպես ձևական և բարձր ռիսկային գործընթաց (Myadar & Dempsey 2022):
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Կոսովոյի ինքնորոշման հակամարտության ընթացքում փախստականների վերադարձի իրավունքի իրացման գործընթացը կառուցվեց միայն միջազգային կառավարման և իրավական ինստիտուտների համադրության վրա, որը կարող էր հաջողություն ապահովել միայն հետևյալ գործոնների ապահովման դեպքում
– անվտանգության միջազգային երաշխիքների առկայություն՝ փախստականների վերադարձն ապահովելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և UNMIK վարչակազմի միջոցով,
– իրավական և ինստիտուցիոնալ բազմաշերտ համակարգի ստեղծում՝ սեփականության վերականգնման, փոխհատուցման և վերադարձի պաշտպանության իրավունքների իրացումն ապահովելով UNMIK-ի կարգադրություններով և նորմատիվ ակտերով,
– միջազգային վերահսկողության և մոնիթորինգի ապահովում՝ փախստականների վերադարձի իրավունքի իրացման թափանցիկությունն ապահովելով ԵԱՀԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից վերադարձի գործընթացի մշտադիտարկման միջոցով։
Սակայն փախստականների վերադարձի խնդրի լուծումը մնաց թերի, քանի որ հակամարտությունը լուծված չէր՝ անորոշ էր մնում անվտանգության խնդրի լուծումը, և փախստականները ներգրավված չէին վերադարձի գործընթացի մշակման ու իրականացման մեջ։
Արևմտյան Սահարա
Արևմտյան Սահարայի հակամարտությունն ամենաբարդ և երկարատև ինքնորոշման հակամարտություններից մեկն է։ Թեև Արևմտյան Սահարայի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ ԱՄԴ-ն ճանաչել է դեռևս 1974 թվականին, սակայն հակամարտության կարգավորման գրեթե բոլոր փորձերը վիժեցրել են Ֆրանսիան ու Մարոկկոն, որը շարունակում է օկուպացված պահել երկրի զգալի մասը։ Չնայած 1991 թվականից ՄԱԿ-ի առաքելության (MINURSO) ներկայությանը՝ որպես անկախության հանրաքվեի անվտանգության երաշխավոր, և ՄԱԿ-ի ընդունած բազմաթիվ բանաձևերին, չի հաջողվել իրականացնել ո՛չ անկախության հանրաքվե, ո՛չ սահարացի փախստականների վերադարձ՝ պայմանավորելով մեկը մյուսով։ Միջազգային իրավունքի նորմերն այստեղ օգտագործվեցին որպես քաղաքական գործիքներ, որտեղ «կամավոր վերադարձի» հանգամանքը հիմնականում ծառայում էր ոչ թե փախստականների իրական ազատ ընտրությանը, այլ կիրառվում էր որպես ճնշման գործիք (Spathopoulou et al. 2022)։
Արևմտյան Սահարայի պարագայում միջազգային իրավունքը բախվեց երկու հիմնական խնդրի. նախ՝ քաղաքական կամքի բացակայությանը, քանի որ Մարոկկոն խոչընդոտում էր հանրաքվեի անցկացմանն ու փախստական անձանց վերադարձին, երկրորդ՝ միջազգային համակարգի ներսում պատասխանատվության բաշխման անարդյունավետությանը, երբ միջազգային հանրությունը հավասարաչափ չկիսեց վերադարձի կազմակերպման բեռը, ինչի հետևանքով ՄԱԿ-ի մանդատը գործնականում մնաց անզոր (Ericson & Zeager 2022)։
Սահարացիների վերադարձը դարձավ միջազգային իրավունքի «չիրագործված խոստում» (Ericson & Zeager 2022), որտեղ հստակ ընդգծվում է, որ միջազգային իրավունքը կարող է սահմանել իրավական կարգավորումներ, մինչդեռ երբ հակամարտող կողմերը չունեն քաղաքական կամք, իսկ միջազգային դերակատարները սահմանափակ են գործում, իրավական կարգավորումները մնում են թղթի վրա՝ առանց անհրաժեշտ հետևանքների։ Սա ընդգծում է նաև, որ պետությունները վերադարձի իրավունքը հաճախ օգտագործում են ոչ թե որպես մարդու իրավունքների պաշտպանության միջոց, այլ աշխարհաքաղաքական շահերի գործիք՝ վերադարձի խրախուսումը, խթանումը, աջակցությունը կամ հեշտացումը համապատասխանեցնելով պետությունների աշխարհաքաղաքական շահերին (Mielke 2023):
Այսպիսով, Արևմտյան Սահարայի օրինակն ապացուցում է, որ իրավական նորմերն առանց քաղաքական լուծումների մնում են միայն հայտարարություններ։ Իրավունքի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն միջազգային իրավական հիմք, այլև քաղաքական կամք, ինչի բացակայության պայմաններում միջազգային իրավունքի նորմերը չեն կարող գործնական կիրառում ստանալ։ Եվս մեկ կարևոր հանգամանք։ Այս գործընթացի համակարգային վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ առանց կայուն ապագայի հստակ երաշխիքների (հակամարտության արդարացի՝ օրինական լուծման)՝ փախստականների վերադարձը դառնում է ոչ թե լուծում, այլ նոր անորոշության սկիզբ (Khatharya Um 2023)։
Արևմտյան Սահարայի ինքնորոշման հակամարտության ընթացքում փախստականների վերադարձի իրավունքի իրացման գործընթացի վերլուծությունը վկայում է, որ վճռորոշ խոչընդոտներ եղել են հետևյալ գործոնները․
– հակամարտության քաղաքական լուծման բացակայություն, ինչը խոչընդոտում է վերադարձի իրավունքի ինստիտուցիոնալ իրացմանը և փախստականների վերադարձի մեխանիզմների ձևավորմանը,
– սահմանափակ մանդատ ունեցող միջազգային ներկայություն՝ հաշվի առնելով, որ MINURSO-ի մանդատը չի ներառում մարդու իրավունքների մոնիթորինգի գործառույթ, ինչը սահմանափակում է վերադարձի իրավունքի վերահսկումը,
– վերադարձի իրավունքի օգտագործում՝ որպես աշխարհաքաղաքական գործիք, երբ փախստականների վերադարձի իրավունքի իրացումը համապատասխանեցվում է պետությունների աշխարհաքաղաքական շահերին, ինչի պարագայում վերադարձի իրավունքը մնում է առավելապես հռչակագրային դրույթ՝ առանց իրականացման գործիքակազմի:
Ինքնորոշման հակամարտությունների օրինակները, այսպիսով, վկայում են միջազգային իրավունքի գործնական կիրառման տարբեր սցենարների մասին։ Փախստականների վերադարձի պրակտիկան ինքնորոշման հակամարտություններում ցույց է տալիս իրավունքի և քաղաքականության միջև մշտական լարվածությունը և փաստում, որ վերադարձը միայն այն դեպքում է դառնում իրական, երբ իրավունքը զուգորդվում է քաղաքական լուծումներով և ինստիտուցիոնալ երաշխիքներով (Milner 2016)։
Հետևաբար, Արևելյան Թիմորի օրինակը կարելի է դիտարկել որպես հաջողված նախադեպ, երբ իրավական նորմերը համադրվեցին ինստիտուցիոնալ միջամտության և տեղական ներգրավվածության հետ, իսկ միջազգային կառույցները կարողացան իրականացնել իրենց մանդատն ամբողջ ծավալով, Կոսովոյի օրինակն իրենից ներկայացնում է միջանկյալ իրավիճակ, որտեղ իրավունքը բախվեց վստահության և անվտանգության խորքային բացակայությանը, իսկ իրավական նորմերը՝ քաղաքական սահմանափակումների, մինչդեռ Արևմտյան Սահարայի օրինակը վկայում է քաղաքական կամքի բացակայության պայմաններում միջազգային իրավունքի «անզորության» մասին։
Ընդ որում, Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Արևմտյան Սահարայի հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձի գործընթացների համեմատական վերլուծությունը փաստում է, որ միջազգային իրավունքը ձևավորում է վերադարձի անհրաժեշտ նորմատիվ հիմքը, սակայն դրա գործնական իրագործումը և հաջողությունն առավելապես կախված են մի շարք գործոններից՝ քաղաքական կամք, միջազգային կազմակերպությունների ներգրավվածություն և դերակատարություն, միջազգային առաքելությունների միջամտություն, աշխարհաքաղաքական շահերի համատեղելիություն, փախստականների ներգրավվածություն և անվտանգության երաշխիքներ։
Դիտարկված երեք դեպքերի համար առանձնացված գործոնների համադրումը թույլ է տալիս ձևավորել փախստականների վերադարձի հնարավորությունների ու խոչընդոտների 10 գործոններից բաղկացած մոդել, որը բերված է Աղյուսակ 1-ում։
| Գործոններ | Արևելյան Թիմոր
(հաջողված) |
Կոսովո
(մասնակի հաջողված) |
Արևմտյան Սահարա
(չհաջողված) |
|
| 1 | Ինքնորոշման իրավունքի ճանաչում | 1975թ․, ՄԱԿ ԱԽ | 2004թ.- ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ներկ․, 2010թ. -ՄԱԿ ԱՄԴ | 1974թ. -ՄԱԿ ԱՄԴ |
|
2 |
Քաղաքական կամքի առկայություն | Քաղաքական կամքի բարձր մակարդակ և դրա համընկնում ՄԱԿ-ի վարչարարության և պետականաշինության գործընթացի հետ | Քաղաքական կամքի վրա էթնիկ հակասությունների և անվտանգային ռիսկերի ազդեցություն | Քաղաքական կամքը գործնականում բացակայում է |
|
3 |
Միջազգային կազմակերպության ներգրավվածություն և վերահսկողություն | ՄԱԿ-ի լիարժեք ներկայություն | ՄԱԿ-ի անցումային վարչարարություն | Սահմանափակ մանդատով ՄԱԿ-ի առաքելություն
|
|
4 |
Միջազգային խաղաղապահ առաքելության ձևավորում | ՄԱԿ-ի ժամանակավոր վարչական առաքելություն (UNTAET), 2000թ. | ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) և միջազգային քաղաքա-ցիական վարչակազմ (UNMIK), 2000թ. | ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն (MINURSO), 1991թ. հանրա-քվեի համար |
|
5 |
Աշխարհաքաղաքա–կան շահերի բախում | Առկա էր | Մասամբ առկա էր | Բացակայում էր |
| 6 | Աշխարհաքաղաքա-կան մրցակցության փուլ | ապագաղութացում | Սկզբնական, 1991-2003 | ապագաղութա-ցում |
| 7 | Կողմնակի միջամտություն | Ինդոնեզիա, Արևմուտք | Ռուսաստան, Չինաստան | Մարոկկո, Ֆրանսիա |
|
8 |
Փախստականների ներգրավվածություն գործընթացում | Փախստականների ներգրավվածության բարձր մակարդակ | Փախստականները հիմնականում դուրս մնացին որոշումների կայացման գործընթացից | Փախստականնե-րը ներգրավված չէին որոշումների կայացման գործընթացներում |
|
9 |
Անվտանգության միջազգային
երաշխավորում |
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջոցով բարձր մակարդակի անվտանգություն | Խաղաղապահ առաքելության և UNMIK-ի միջոցով հարաբերական կայունություն և էթնիկ ռիսկեր | Անվտանգության MINURSO համակարգի ոչ բավարար ներկայություն |
|
10 |
Հակամարտության կարգավորման վիճակ | Պետության անդամակցություն
ՄԱԿ-ին |
Երկկողմ հարաբերու-թյուններ ավելի քան 100 երկրների հետ | Չլուծված հակա-մարտություն |
Աղյուսակ 1. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Արևմտյան Սահարայի հակամարտությունների ընթացքում փախստականների վերադարձի վրա ազդող գործոնների դրսևորումները
Հարկ է ընդգծել, որ 10 գործոնները փոխկապակցված են, ու դրանցից յուրաքանչյուրը կարևոր է վերադարձի ապահովման համար, սակայն երեք փոխլրացնող գործոնների՝ անվտանգային միջավայրի ստեղծում, միջազգային խաղաղապահության ներկայության ապահովում և ինքնորոշվող տարածքի կարգավիճակի սահմանում, ապահովման պարագայում միայն կարելի է կազմակերպել և իրականացնել վերադարձի արդյունավետ գործընթաց (Myadar & Dempsey 2022; Kuschminder & Dubow 2023a):
Փախստականների վերադարձի հնարավորությունների ու խոչընդոտների գնահատման մոդելի կիրառումը Լեռնային Ղարաբաղի դեպքի համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված փախստականների խնդիրն ունի երկու չափում՝ փախստականներ, որոնց հոսքերը ձևավորվել են 1992-1994 թվականների պատերազմի ընթացքում, և փախստականներ, որոնց հոսքը ձևավորվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի և 2023 թվականին դրա վերսկսման հետևանքով։ Դրանք սկզբունքորեն տարբերվող դեպքեր են և ճիշտ է քննարկել առանձին-առանձին։
1990-ականներին հայ և ադրբեջանցի փախստականների հոսքերի ձևավորման հակիրճ պատմությունը։ 1980-ականներին, երբ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը հայտարարեց երկրում արմատական քաղաքական փոփոխություններ (glasnost, perestroyka – transparency, transformation in russian) սկսելու մասին, տարբեր հանրապետություններում սկսվեցին իրավունքների իրացման պահանջով շարժումներ։ Դրանցից մեկը Ղարաբաղյան շարժումն էր, որը սկսեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը (այդ ժամանակ կազմում էր մարզի ամբողջ բնակչության 80, իսկ 1924 թվականին՝ 95 տոկոսը)։ Ինքնավար մարզի խորհուրդը դիմեց ԽՍՀՄ, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններին՝ ինքնավար մարզը Հայաստանի կազմ տեղափոխելու նպատակով՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի իրացում։ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տեղի էին ունենում խաղաղ ցույցեր և միտինգներ՝ ի պաշտպանություն իր իրավունքների համար պայքարող ժողովրդի։
Անմիջապես հետևեցին բռնություններ և հալածանքներ Ադրբեջանում ապրող հայերի նկատմամբ։ Նախ Սումգայիթում իշխանությունների նախօրոք պատրաստած ցուցակներով բռնության ենթարկվեց քաղաքի ամբողջ հայ բնակչությունը (ավելի քան երեք տասնյակ զոհեր, բազմաթիվ վիրավորներ), ապա՝ Բաքվի, Կիրովաբադի և մյուս քաղաքների ու բնակավայրերի։
ԽՍՀՄ զինված ուժերի միջամտությունից հետո դադարեցվեցին բռնությունները, ու Ադրբեջանում ապրող մոտ 400000 հայեր դարձան փախստականներ։ Ռուսաստանի մի քանի դատարաններում տեղի ունեցան մի շարք դատավարություններ, և հայերի նկատմամբ կիրառված բռնությունների ու սպանությունների մի խումբ կազմակերպիչներ դատապարտվեցին։ Ադրբեջանի իշխանությունների կոչով Հայաստանից հեռացան այնտեղ ապրող մոտ 300000 ադրբեջանցիներ (տվյալները վերցված են ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի բազայից)։ Այդ իրադարձություններից հետո, 1992-ին, Ադրբեջանը դիմեց Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի։ Պատերազմն ավարտվեց 1994 թվականի մայիսին՝ ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ։ (Torosyan 2010)
Հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ-ն ստեղծել էր Մինսկի խումբը, որի երեք համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ վարվում էին բանակցություններ։ 2007 թվականին միջնորդների ներկայացրած Մադրիդյան սկզբունքները կողմերը 2009 թվականին ընդունեցին որպես բանակցային փաստաթուղթ, որն արձանագրում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների (ինքնորոշման սկզբունք, տարածքային ամբողջականության սկզբունք, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք) հիման վրա՝ 6 տարրերի համար լուծումներ որոնելու ճանապարհով։ Ակնհայտ է, որ այդ սկզբունքների կիրառումը ենթադրում էր, որ հակամարտությունը երկբաղադրիչ է՝ Ադրբեջան-Հայաստան, որտեղ, պետք է կիրառվեր տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետությունների հարաբերությունների կարգավորման սկզբունք, և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ, որը պետք է կարգավորվեր ինքնորոշման իրավունքի կիրառման միջոցով։
Այսինքն՝ ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Բանակցային փաստաթղթով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղում անցկացնել անկախության հանրաքվե, որի արդյունքները պետք է պարտադիր լինեին հակամարտության կողմերի համար (OSCE 2009)։ Փաստաթղթով նախատեսվում էր նաև, որ դեռևս 1992 թվականին պատերազմից առաջ Բաքվի իշխանությունների կոչով (Torosyan 2010) Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները կարող էին վերադառնալ՝ մասնակցելու համար հանրաքվեին, սակայն չպետք է խախտեին հայեր/ադրբեջանցիներ 80/20 հարաբերակցությունը, որը կար հակամարտությունը սկսելուց առաջ։
Այդ բանակցությունների ընթացքում չէր արծարծվում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների և Ադրբեջանից բռնությամբ փախստական դարձած հայերի վերադարձի հարցը։ Հավանաբար, քանի որ վերջինների թիվը գերազանցում էր Հայաստանից հեռացած ադրբեջանցիների թիվը, անիմաստ էր նրանց վերադարձն ու նոր հնարավոր լարվածության նախադրյալների ստեղծումը։ Առավել ևս որ կար ավելի կարևոր խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
Իրավիճակը սկսեց փոխվել 1918 թվականին Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը սկսեց խուսափել բանակցային գործընթացի շարունակումից և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջ մղեց գաղափարներ, որոնք հակասում էին 16 տարի շարունակվող բանակցային գործընթացի հայեցակարգին։ Ադրբեջանն օգտվեց այդ իրավիճակից և 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծեց ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Թուրքիայի (Pompeo 2020; Lazaroff 2024; Naryshkin 2020; Yalçınkaya 2021) և Իսրայելի (Avinoam and Shaffer 2021; Franzman 2023; Debre 2023; Ozdil 2026) անթաքույց աջակցությամբ։ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի վճռական քայլերի բացակայության պայմաններում Ռուսաստանի միջնորդությամբ կանգնեցվեց ագրեսիան, սակայն չվերականգնվեցին մինչև ագրեսիան եղած սահմանները՝ ստեղծելով նոր ագրեսիայի նախադրյալներ։
Այն չուշացավ, քանի որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների կոպիտ ոտնահարումն ու Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը պատշաճ արձագանք չունեցան, իսկ Հայաստանի վարչապետը ստանձնեց հանուն ինչ-ինչ նպատակների Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին «նվիրելու» առաքելությունը՝ դրա համար չունենալով ո՛չ իրավական, ո՛չ բարոյական լիազորություններ։ 2022 թվականին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դրդմամբ նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է՝ դա «հիմնավորելով» մի փաստաթղթի՝ ԱՊՀ կազմավորումն ազդարարող Ալմա-Աթայի հռչակագրի (Alma Ata declaration 1991) մատնանշմամբ, որը բացարձակապես կապ չունի հակամարտությունների կարգավորման հետ։
Ավելին, այդ հռչակագրով արձանագրվում է, որ ԱՊՀ անդամ պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ հիմնարար նշանակություն ունեցող ինքնորոշման իրավունքը։ Հայաստանի ղեկավարը ոչ միայն դրսևորեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացարձակ անիմացություն, այլև կոպտորեն խախտեց ինքնորոշման հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային իրավունքի առանցքային գաղափարներից մեկը՝ ինքնորոշվող ժողովուրդն ինքն է որոշում իր քաղաքական կարգավիճակը՝ առանց որևէ միջամտության (Declaration 1970)։ Միջազգային իրավունքը բացառություն չի անում անգամ էթնիկ ընդհանրություն ունեցող պետության համար։
Այլ իրավիճակում կարելի էր ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կկանխեին Հայաստանի ղեկավարի՝ միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ արված հայտարարության ու բանակցային ձևաչափի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հակաօրինական հետևանքները։ Սակայն աշխարհաքաղաքական մրցակցության ծայրահեղ լարվածության պայմաններում Մինսկի խմբի համանախագահ երկրներին այլևս չէին հետաքրքրում ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ դրա կոպիտ ոտնահարումները։ Միայն հետաքրքրում էր, թե ինչպես այս կամ այն գործոնը ծառայեցնել իրենց շահերին՝ այդ պայքարում իր դիրքերը բարելավելու նպատակով։ (Torosyan 2025)
Որպես հետևանք, 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջ 150000 բնակչությունն ադրբեջանական բանակի զորամիավորումների կողմից բնաջնջման սպառնալիքով ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության, ինչն արձանագրեցին և՛ գիտական շրջանակները (Torosyan, Vardanyan 2024, Eigenman 2025; Paylan and Ashraph 2026; Okampo 2023), և՛ մասնագիտական կազմակերպությունները (IAGS 2024; Canbak 2023; Lemkin 2023; Lemkin 2022; Report 2021)։ Արդյունքում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փախստականների երկրորդ հոսքը՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ընդգրկմամբ։
Փորձելով քողարկել այդ հակամարտության հետ կապված ապօրինություններն ու մարդկության դեմ կատարված հանցագործությունները՝ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն ԱՄՆ նախագահի հետ քննարկումների ընթացքում ստորագրեցին դիմում ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Ու այս ամենը ներկայացվում է որպես ԱՄՆ նախագահի խաղաղարար գործունեության ևս մեկ գործարք՝ հակամարտության կարգավորում։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ձևավորվել է փախստականների երկու խումբ։ Առաջինը կազմում են 1990-ականներին Հայաստանից հեռացած մոտ 300000 ադրբեջանցիներն ու Ադրբեջանից բռնությամբ դուրս մղված մոտ 400000 հայերը, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղից ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված ամբողջ բնակչությունը՝ 150000 հայեր։
Առաջին խմբի հետ կապված հնարավոր է երկու մոտեցում։ Կա՛մ պետք է դրան չանդրադառնալ՝ հաշվի առնելով, որ վերը նշված պատճառներով դա ավելորդ է (ինչպես համարվել է բանակցային ամբողջ ժամանակահատվածում), կա՛մ խնդիրը դարձնել քննարկման առարկա՝ ներգրավելով համապատասխան միջազգային կառույցների (Փախստականների հարցերով ՄԱԿ գլխավոր հանձնակատար): Ադրբեջանի նախագահը 2023 թվականի աղետից հետո պարբերաբար սպառնում է, որ պետք է Հայաստան վերադառնան 300000 ադրբեջանցի փախստականներ, սակայն դա հավանաբար քարոզչական նպատակ ունի՝ քողարկելու համար 2023 թվականին մարդկության դեմ կատարված ծանր հանցագործությունները։ Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելու դեպքում ակնհայտ է, որ փախստականների վերադարձի հարցի իրական արծարծումը վտանգավոր չի լինի Հայաստանի և Արցախի համար, քանի որ այն կարող է քննարկվել միայն հայ փախստականների հարցի հետ։ Ավելին, նման քննարկումը ասպարեզ կբերի նաև երկրորդ խմբի հարցը և կվերաարծարծի այդ ամենի հետ առնչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաթարված կարգավորման խնդիրը։
Անգամ եթե առաջին խմբի խնդիրը չդառնա իրական քննարկումների առարկա, ապա երկրորդ խմբի խնդիրը չի կարող չքննարկվել՝ որպես մարդկության դեմ կատարված ծանր հանցագործությունների հետևանք։
Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ արժե դիտարկել երկրորդ խմբի փախստականների վերադարձի հնարավորությունների և խոչընդոտների հարցը՝ վերոհիշյալ մոդելի հիման վրա։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ձևավորված փախստականների վերադարձի խնդրի կարգավորումը
Այս խմբի վերադարձի հարցի օրինական լուծումը նոր աշխարհակարգի ձևավորմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական ծայրահեղ լարված իրավիճակում, երբ շարունակաբար ոտնահարվում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, դժվար է ընկալվում։ Այդուհանդերձ, ինչպես նախկինում, նման լարվածություններին հաջորդում են կայուն տասնամյակներ, որոնց ընթացքում կրկին օրակարգ են վերադառնում սկզբունքներն ու արժեքները։ Սակայն ակնհայտ է, որ կայուն ժամանակահատվածում խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է մինչև այդ նախապատրաստել այդ լուծումները։ Ընդ որում, կարևոր է վերադարձն ընկալել ոչ թե որպես տեխնիկական խնդիր, փախստական բնակչության մեխանիկական տեղափոխում մի վայրից մյուսը, այլ որպես քաղաքական և սոցիալական վերականգնման գործընթաց, որը ներառում է նաև ինքնության պահպանության և արդարության վերականգնման գործընթաց (Sevrin 2023): Հետևաբար արժե դիտարկել այն հնարավորությունները, որոնք կարելի է օգտագործել վերոհիշյալ 10 գործոնների շրջանակում։
1. Ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը նախ ճանաչվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևով (PACE Resolution 1416 2005), ապա, որպես դրա արձագանք, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթով (Replay 2005), և, ի վերջո, այն դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 2007-2021 թվականներին վարված հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային փաստաթղթի հիմք։ Դա դեռևս 2009 թվականին համատեղ հայտարարությամբ հաստատել են ինչպես Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները (OSCE 2009)։ 2021 թվականին, հրապարակելով բանակցային փաստաթղթի մանրամասները (Popov 2021), դա կրկին հաստատել է ռուս համանախագահ Պոպովը՝ հերքելով Հայաստանի վարչապետի այն հրապարակումը, որ իբր բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի մասին խոսք չկա: Արժե նաև նշել, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորմանը բազմիցս աջակցություն են հայտնել թե՛ Եվրամիությունը, թե՛ ՄԱԿ-ը։
Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը դադարեցվել է մետրոպոլիայի ռազմական ստորաբաժանումների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու միջոցով, փախստականների խնդիրը հնարավոր չի լինի լուծել առանց հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու՝ նույն կամ ՄԱԿ ԱԽ բանաձևով ձևավորված նման այլ ձևաչափով։
2. Քաղաքական կամքի առկայություն։ Փախստականների վերադարձի համատեքստում քաղաքական կամքի առկայությունը պետք է դրսևորեն գործընթացում ներգրավված բոլոր կողմերը՝ ինչպես փախստականների ներկայացուցիչները, այնպես էլ միջազգային հանրությունը։ Վերջինիս առաջին դրսևորումները կարող են լինել ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համարժեք արձագանքներն իրենց ուղղված դիմումներին, համապատասխան զեկույցների ներկայացումը և, ի վերջո, խնդրի կարգավորման նպատակով առաքելության ձևավորումը։ Դա բարդ ու տևական գործընթաց է, որն Արևելյան Թիմորի պարագայում սկսեց արդյունքներ տալ ավելի քան մեկ տասնամյակի պայքարից հետո։
Փորձը ցույց է տալիս, որ փախստականների վերադարձի իրավունքի իրացման դեմ բերվող փաստարկն այն է, որ վերադարձն ընկալվում է որպես ուժերի հարաբերակցության փոփոխման միջոց (Fakhoury & Stel 2023)։ Սակայն ակնհայտ է, որ ուժերի հարաբերակցության խախտման նպատակ է ունեցել հենց բռնությամբ ու ոչնչացման սպառնալիքով, մարդկության դեմ կատարվող հանցագործություններով տեղի բնակչության բռնի հեռացումն իրենց բնակավայրերից։ Հետևաբար, հատուկ կարևորության նշանակություն ունի այդ ժամանակ կիրառված մեխանիզմների բնույթի փաստական հիմնավորումը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ առանց ճշմարտության բացահայտման, սեփականության իրավունքի վերականգնման և անվտանգության ապահովման գործուն մեխանիզմների՝ վերադարձը չի վերածվում երկարաժամկետ կայուն գործընթացի (Kuschminder & Dubow 2023b):
3. Միջազգային կազմակերպության ներգրավվածություն և վերահսկողություն։ Այս գործոնի գործարկումը ենթադրում է նախորդի զարգացումը՝ լիարժեք դերակատարությամբ։ Միջազգային միջնորդության և խաղաղապահ առաքելությունների դերը վերադարձի գործընթացներում առանցքային նախապայման է (Khalid 2008)։
4. Միջազգային խաղաղապահ առաքելության ձևավորում։ Այս գործոնի իրագործումն ունի բացառիկ նշանակություն փախստականների վերադարձի տեսակետից, քանի որ գլխավոր երաշխիքն է լինելու անվտանգ և ապահով վերադարձի համար։ Խաղաղապահ առաքելությունների ներկայությունը կարող է մեծապես նվազեցնել վախի մթնոլորտը, նպաստել վստահության ամրապնդմանն ու հնարավորություն տալ իրականացնել վերադարձի գործընթացը (Bove, Salvatore & Elia 2025; Sundberg 2020): Միաժամանակ, նրանց ներկայությունը հակամարտության գոտում կենսական նշանակություն ունի վերադարձող անձանց իրավունքների խախտումների սպառնալիքների փաստաթղթավորման գործում։ Նրանք նաև քաղաքացիական բնակչության ու միջազգային կազմակերպությունների միջև տեղեկատվության պաշտոնական փոխանցման կամուրջ են հանդիսանում (Müller 2020)՝ հաշվի առնելով, որ նրանց տեղակայումը որոշիչ է այն տվյալների հավաքագրման համար, որոնց հիման վրա միջազգային իրավունքը կարող է գործել (Baker 2014):
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններն օժտված են ուժ կիրառելու լիազորությամբ ոչ միայն իրենց, այլև քաղաքացիական բնակչության պաշտպանության համար (Howard 2019; Hunt 2017), հակառակ պարագայում նրանց գործունեությունը կասկածի տակ կդրվի՝ համարվելով գործնական հետևանքներ չունեցող կամ նույնիսկ սեփական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանվելուն անկարող (Müller & Bashar 2017): ՄԱԿ-ի 16 խաղաղապահ առաքելություններ, այդ թվում՝ գործող 13 առաքելություններից յոթը, ունեցել են կամ ունեն քաղաքացիական բնակչության պաշտպանության հստակ մանդատ (UN DPO)։ Անվտանգության խորհուրդը, լիազորելով խաղաղապահության մանդատները, հաճախ լիազորում է առաքելությանը «իր գործունեության տարածքում ապահովել ֆիզիկական բռնության սպառնալիքի տակ գտնվող քաղաքացիական անձանց արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ «ակտիվ պարեկության» միջոցով» (S/RES/2147 (2014)):
5. Աշխարհաքաղաքական շահերի բախում։ 2007 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի նախագահի ելույթից և 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ նոր աշխարհակարգի ձևավորման համար պայքարը մտել է էսկալացիայի փուլ, և կոշտ բախումներն անխուսափելի են։ Հարավային Կովկասում այդ պայքարի հիմնական կողմերն են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, ավելի թույլ ազդեցություն ունեն Եվրամիությունը, Թուրքիան և Իրանը։ Բազմաթիվ փաստեր վկայում են, որ այդ մրցակցությունը թևակոխել է առավել կոշտ, բախումնային եզրափակիչ փուլ, ու միայն դրա ավարտից հետո է հնարավոր ունենալ աշխարհաքաղաքական շահերի բախման գործոնի հաղթահարելի մակարդակ։
6 Աշխարհաքաղաքական մրցակցության փուլ։ Նոր աշխարհակարգի ձևավորման համար մրցակցությունը գտնվում է կոշտ, բախումնային եզրափակիչ փուլում։ Իսկ ինքնորոշման հակամարտություններում վերադարձի իրականացումը հաճախ կիրառվում է ոչ թե որպես մարդասիրական նպատակ, այլ որպես աշխարհաքաղաքական ազդեցության գործոն (Fakhoury & Stel 2023)։
7. Կողմնակի միջամտություն։ 2020 թվականի ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի ու Իսրայելի անթաքույց աջակցությունը։ Փաստորեն, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ այդ երկու երկրները կոպտորեն խախտում էին Միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, սակայն ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամ պետություններ, որոնք միաժամանակ Մինսկի խմբի համանախագահներ էին, միայն ձևականորեն էին արձագանքում դրան։ Ավելին, անգամ երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք, այդ կապակցությամբ ԱԽ նախագահող՝ Ֆրանսիայի հրավիրած ՄԱԿ ԱԽ նիստն էլ ձևական բնույթ ունեցավ (UN SC 2022), քանի որ հրավիրվել էր առանց բանաձևի նախագծի, ու սահմանափակվեց անպտուղ ելույթներով։ Ներկա փուլում պետք է բացառել որևէ պետության (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ) միակողմ տնօրինությունը խնդրի կարգավորման գործընթացում, քանի որ նման աշխարհաքաղաքական իրավիճակում ազդեցիկ պետությունները պատրաստ են ուրիշների շահերի ցանկացած զոհաբերության՝ հանուն իրենց դիրքի բարելավման։
8. Փախստականների ներգրավվածություն գործընթացում։ Փախստականների ներկայացուցիչները պետք է լինեն նրանց շահերի միակ ու լիարժեքորեն ներկայացնողները, դրսևորեն ամուր կամք և վճռականություն։ 2018 թվականից հետո զարգացումներնզարգացումները ակնառու ցույց տվեցին, որ ամենաանսպասելի ու ցավոտ հարվածները կարող են գալ ամենաանսպասելի կողմից։ Հետևաբար փախստականների ներկայացուցիչները նախաձեռնությունը չպետք է զիջեն ոչ ոքի։
9. Անվտանգության միջազգային երաշխավորում։ Անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել ՄԱԿ-ը՝ համապատասխան լիազորությունների ամբողջական գործիքակազմով օժտված խաղաղապահ առաքելությամբ։ Այս գործոնի ապահովումը մեծապես կախված է 2-4 գործոնների լիարժեք ապահովումից։
10. Հակամարտության կարգավորման աստիճան։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը խափանվել է ռազմական ուժի կիրառմամբ իրականացված էթնիկ զտումներով ու ցեղասպանությամբ։ Դա փաստարկված ապացուցելու դեպքում ՄԱԿ-ը չի կարողանա խուսափել այդ գործընթացը վերականգնելու քայլերից, քանի որ կստացվի, որ խրախուսում է ինքնորոշման գործընթացի խափանումը մարդկության դեմ կատարված ծանր հանցագործություններով։
Փախստականների վերադարձի խնդրի լուծումը՝ առանց վերականգնելու ինքնորոշման գործընթացը, անհնարին է և կավարտվի միայն արկածախնդրությամբ ու ինքնորոշվող ժողովրդի համար նոր աղետով։
Եզրակացություն
Փախստականների վերադարձի հնարավորությունների ու խոչընդոտների վերլուծությունը հաջողված (Արևելյան Թիմոր), թերի հաջողված (Կոսովո) և չհաջողված (Արևելյան Սահարա) դեպքերի համար թույլ է տալիս անել հետևյալ եզրակացությունները.
1. Ինքնորոշման հակամարտությունների ժամանակ փախստականների խնդրի լուծման կարևոր պայմաններ են հակամարտության լուծված լինելը կամ լուծման տանող գործընթացի առկայությունը, ՄԱԿ-ի ներգրավվածությունն ու վերջինիս խաղաղապահ ուժերի տեղակայվածությունը։ Առանց հակամարտության կարգավորման գործընթացի բնականոն ընթացքի փախստականների խնդրի լուծմանն անցնելն արկածախնդրություն է և կարող է ունենալ նոր, աղետաբեր հետևանքներ ինքնորոշված ժողովրդի համար։
2. Փախստականների վերադարձի խնդրի լուծումը բարդ, միջգիտակարգային մոտեցում, բազմավեկտոր աշխատանքների համակարգում և ինստիտուցիոնալ հիմքերի ապահովում պահանջող գործընթաց է, որի արդյունավետությունը կախված է ներքին ու միջազգային բազմաբնույթ դերակատարների գործունեության համադրման արդյունավետությունից։
3. Փախստականների վերադարձի խնդրի արդյունավետ լուծման նպատակով կարելի է կիրառել առկա դեպքերի վերլուծության հիման վրա ձևավորված 10 գործոններ պարունակող մոդելը՝ ռազմավարության մշակման, գործողությունների ճիշտ պլանավորման և իրականացման նպատակով։
4. Փախստականների վերադարձի արդյունավետ գործընթացի կազմակերպման ու իրականացման հաջողության նախապայման է երեք փոխլրացնող գործոնների՝ անվտանգային միջավայրի ստեղծում, միջազգային խաղաղապահության ներկայության ապահովում և ինքնորոշվող տարածքի կարգավիճակի սահմանում, ապահովումը։
5. Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ձևավորված փախստականների երկու խմբերից առաջինի (1990-ականների առաջին կես) քննարկումը վերադարձի տեսակետից կորցրել է արդիականությունը։ Լեռնային Ղարաբաղից 1990-ականներին հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը եղել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տարրերից մեկը և կարող է մնալ այդպիսին։ Ռազմական ուժի կիրառմամբ, ոչնչացման սպառնալիքի ներքո Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության վերադարձի խնդիրն ունի իրավական, քաղաքական ու բարոյական մեծ նշանակություն ոչ միայն փախստականների, այլև միջազգային իրավունքի հիմնարար նորմերի նկատմամբ վստահության տեսակետից։
6. Միջազգային ակտիվ դիվանագիտության իրականացում՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքի իրացման գործընթացում ուրույն դերակատարություն ունեն միջազգային հանրությունն ու միջազգային մարմինները, այդ թվում՝ դատական: Ուստի, վերադարձի իրավունքի իրացման հնարավորություններում անհրաժեշտ է ներառել միջազգային մարմիններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում մետրոպոլիայի կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ու էթնիկ զտումների հրապարակումը և դատական հայցերի ներկայացումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպես իրավունքի Dճանաչման և փախստական ժողովրդի վերադարձի իրականացման ճնշման գործիք:
Տիգրան Թորոսյան
Հեռանկարային հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոն
References
Adema J., Aksoy C. G., Giesing Y. & Poutvaara P. (2024) The effect of conflict on refugees’ returns and integration: evidence from Ukraine, Discussion Paper Series, The IZA Institute of Labor Economics, pp. 1-82, p. 19
Alma Ata Declaration (1991).
Ambrosius Ch. (2025) Violent crime and the long shadow of immigration enforcement, Journal of Conflict Resolution, 69:1, 74–99
Avinoam I. and B. Shaffer. (2021). Israel’s role in the Second Armenia-Azerbaijan War. The Karabakh Gambit: Responsibility for the Future. TRT World Research Centre. 191-206
Baker C. (2014) The Local Workforce of International Intervention in the Yugoslav Successor States: ‘Precariat’ or ‘Projectariat’? Towards an Agenda for Future Research, International Peacekeeping, 21:1, 91-106 DOI:
Bell C. (2000). East Timor, Canberra and Washington: A Case Study in Crisis Management. Australian Journal of International Affairs, 54(2): 171-176. Doi:10.1080/713613507
Bell C. & Wise L. (2022) Peace processes and their agreements, Contemporary Peacemaking. DOI:10.1007/978-3-030-82962-9_19,
Blair C. & Wright A. (2022) Refugee return and conflict: evidence from a natural experiment. University of Chicago, Becker Friedman Institute for Economics Working Paper, 2021-82,
Bove V., Salvatore Di J. & Elia L. (2025) What it takes to return: UN peacekeeping and the safe return of displaced people, Journal of Conflict Resolution, 69:5, 898–924
Bradley M. (2023) Realising the right of return: refugees’ roles in localising norms and socialising UNHCR, Geopolitics, 28:3, 979-1006
Canbak R. (2023). In an exclusive interview for Blankspot, genocide researcher Melanie O’Brien explains why the situation in Nagorno-Karabakh can be considered an ongoing genocide. 22.09.2023,
Chimni B.S. (1998) The Geopolitics of Refugee Studies: A View from the South, Journal of Refugee Studies 11, 350–374,
Cole G. & Belloni M. (2022) Return and retreat in a transnational world: Insights from the Eritrean case, Refugee, 38:1, 126-144, DOI:
Costalli S., Salvatore Di J. & Ruggeri A. (2024) Do UN peace operations help forcibly displaced people? Journal of Peace Research, 61:6, 1051–1068
Debre I. (2023). Israeli Arms Quietly Helped Azerbaijan Retake Nagorno-Karabakh, to the Dismay of Region’s Armenians,
Declaration (1970). Declaration on Principles of International Law concerning Friendly Relations and Co-operaation among States in accordance with the Charter of United Nations,
Dolan Ch., Large J. & Obi N. (2004) Evaluation of UNHCR’s repatriation and reintegration programme in East Timor, 1999-2003, Geneva: UNHCR,
Eigenman H. L. (2025). International Silence on Genocide: Nagorno-Karabakh, A Case Study,
Ericson E.R., Zeager A.L. (2022) Coordination and fair division in refugee responsibility sharing, Journal of Conflict Resolution, 66:7-8, 1263–129
European Union (2019). Brussels IV Conference on ՛Supporting the future of Syria and the region՛: Co-chairs declaration.
European Union (2020). Brussels IV Conference on ՛Supporting the future of Syria and the region՛: Co-chairs declaration
Fakhoury T. (2021) Refugee return and fragmented governance in the host state: Displaced Syrians in the face of Lebanon’s divided politics. Third World Quarterly 42:1, 1–19, DOI: doi:10.1080/01436597.2020.1762485
Fakhoury T. & Mencütek Z. (2023). The Geopolitics of Return Migration in the International System, Geopolitics, 28:3, 959-978, DOI:10.1080/14650045.2023.2187981
Fakhoury T. & Stel N. (2023) EU engagement with contested refugee returns in Lebanon: The aftermath of resilience, Geopolitics, 28:3, 1007-1032, DOI:
Franzman S. J. (2023). How did Israeli tech affect Azerbaijan’s victory in Nagorno-Karabakh? Jerusalem Post, October 5, 2023,
Geneva Conventions (1949). The Geneva Conventions and their commentaries
George A. L. (2000) Strategies for preventive diplomacy and conflict resolution: Scholarship for policymaking. PS: Political Science and Politics 33(1): 15–20.
Gerver M. (2015) Refugee repatriation and voluntariness. The International Journal of Human Rights, 19:1, 32–52, doi:10.1080/13642987.2014.981535
GP (2004). Guiding Principles on Internal Displacement
Hammond L. (2014) “Voluntary” Repatriation and Reintegration, E. Fiddian-Qasmiyeh, G. Loescher, K. Long, & N. Sigona (Eds.), The Oxford Handbook of Refugee and Forced Migration Studies, Oxford University Press, 499-511
Hayner P. (2022) Transitional justice in peace processes. United Nations policy and challenges in practice, 1-32
Hazlett Ch. (2020) Angry or weary? How violence impacts attitudes toward peace among darfurian refugees, Journal of Conflict Resolution, 64:5, 844–870
Howard L. (2019) Peacekeeping is Not Counterinsurgency, International Peacekeeping, 26:5, 545-548 DOI:
Hunt T. Ch. (2017) All necessary means to what ends? the unintended consequences of the ‘robust turn’ in UN peace operations, International Peacekeeping, 24:1, 108-131 DOI:
IAGS (2024). IAGS Resolution on Nagorno-Karabakh,
Khalid K. (2008) The Return of Refugees and IDPs and Sustainable Peace,
Khatharya Um (2023) Refugee return, reintegration, and sustainable futurity: politics, pitfalls and possibilities of repatriation in post/conflict situations, Geopolitics, 28:3, 1130-1160
Kuschminder K. & Dubow T. (2023a) Moral exclusion, dehumanisation, and continued resistance to return: experiences of refused afghan asylum seekers in the Netherlands, Geopolitics, 28:3, 1057-1078
Lazaroff T. (2024). Erdogan threatens Israel: ‘Like we entered Karabakh and Libya – we will do the same to Israel’, Jerusalem Post, July 27, 2024
Lemkin (2023). Red Flag Alert for Genocide – Azerbaijan in Armenia, 1 november, 2023,
Lemkin (2022). Lemkin Institute Statement on Self-Determination of Armenians in Artsakh (South Caucasus): There is No “Peace” or “Prosperity” through Genocide, 24.11.2022,
Macdonald A. & Porter H. (2020). The Politics of Return: Understanding Trajectories of Displacement and the Complex Dynamics of ‘Return’ in Central and East Africa, Journal of Refugee Studies, 33:4, 639–662
Markard N. (2025) Right to leave and to return, Elgar Concise Encyclopedia of Migration and Asylum Law, 503–507, DOI:
Martin I. and A. Mayer-Rieckh (2005), The United Nations and East Timor: from self-determination to statebuilding, International Peacekeeping, 12:1, 125-145, DOI: 10.1080/1353331042000286595
Mielke K. (2023) Calculated Informality in Governing (Non)return: An Evolutionary Governance Perspective, Geopolitics, 28:3, 1106-1129, DOI: 10.1080/14650045.2022.2052854
Milner J. (2016) When norms are not enough: Understanding the principle and practice of burden and responsibility sharing for refugees, CIGI Paper No. 2, 1-18
Mueller H. & Rauh C. (2024) Building bridges to peace: a quantitative evaluation of power-sharing agreements, Economic Policy, 39:118, 411–467
Müller R.T. (2020) Protection of Civilians Mandates and ‘Collateral Damage’ of UN Peacekeeping Missions: Histories of Refugees from Darfur, International Peacekeeping, 27:5, 760-784, DOI: 10.1080/13533312.2020.1803745
Müller R.T & Bashar Z. (2017) ‘UNAMID Is Just Like Clouds in Summer, They Never Rain’Footnote*: Local Perceptions of Conflict and the Effectiveness of UN Peacekeeping Missions, International Peacekeeping, 24:5, 756-779 DOI:
Myadar O. & Dempsey E.K. (2022) Making and unmaking refugees: geopolitics of social ordering and struggle within the global refugee regime, Geopolitics, 27:2, 367-374
Naryshkin (2020). Naryshkin: Moscow has information about moving terrorists from Syria to Nagorno-Karabakh, 6 november, 2020.
National Security Strategy (2025). National Security Strategy of the United States of America, November 2025,
Ocampo L. M. (2023). Call what is happening in Nagorno-Karabakh by its proper name,
OSCE (2000). OSCE Report: Assessment of the Situation of Ethnic Minorities in Kosovo (period covering June through September 2000) st1yle=”box-sizing:border-box;margin-top:0px;margin-bottom:1rem”>OSCE (2009). Joint Statement by the Heads of Delegation of the Minsk Group Co-Chair Countries and the Foreign Ministers of Azerbaijan and Armenia Athens, December 1, 2009,
Popov I. (2021). The response of the Russian Co-Chairman in the OSCE Minsk Group, Ambassador-at-Large of the Russian Foreign Ministry I.V. Popov to a question from the media regarding the article by Armenian Prime Minister Nikol Pashinyan “The Origins of the 44-day War”.
Ozdil Y. (2026). Azerbaijan defeated Armenia thanks to Israel’s offensive and defensive armament, 12.03.2026,
PACE Rsolution (2005). The conflict over the Nagorno-Karabakh region dealt with by the OSCE Minsk Conference, 21 January, 2005,
Paylan Sh., Ashraph S. (2026). Justice for the Victims of the Nagorno–Karabakh Conflict: Ongoing Accountability Efforts and the Path to the International Criminal Court, Journal of International Criminal Justice, 24, 1, 135–148,
Pearson E. (2021) From voluntary repatriation to voluntary re-establishment: Cessation of refugee status under article 1C(4) of the Refugee Convention, International Journal of Refugee Law, 33:3, 436–468, DOI:
Pompeo (2020). New Clashes in Nagorno-Karabakh; Pompeo Says Turkey Makes Situation Worse,
Replay (2005). The conflict over the Nagorno-Karabakh region dealt with by the OSCE Minsk Conference Parliamentary Assembly Recommendation 1690 (2005) (Reply adopted by the Committee of Ministers on 21 September 2005 at the 938th meeting of the Ministers’ Deputies) CM/AS(2005)Rec1690-final, 26 September 2005
Report (2021). Report: The Anatomy of Genocide – Karabakh’s Forty-Four Day War,
Armenian genocide 2.0?
Sevrin O.N. (2023) Moving through conflict: Transit migration and rebel capacity in Mali, Journal of Conflict Resolution, 68:4, DOI:
Spathopoulou A., Carastathis A. & Tsilimpounidi M. (2022) ‘Vulnerable refugees’ and ‘Voluntary deportations’: performing the hotspot, embodying its violence, Geopolitics, 27:4, 1257-1283
S/RES384 (1975). United Nations Security Council Resolution 384 (1975) of 22 December 1975,
S/RES/2147 (2014). UN Security Council Resolution of 28 March 2014,
Sundberg R. (2020) UN peacekeeping and forced displacement in South Sudan, International Peacekeeping, 27:2, 210–237 DOI:
Tazzioli M (2022) Extract, datafy and disrupt: refugees’ subjectivities between data abundance and data disregard, Geopolitics, 27:1, 70-88
Torosyan T. (2010). Resolution of conflicts in the Framwork of International Law: Case of Nagorno Karabakh. Yerevan: Tigran Mets.
Torosyan T. (2012). Nagorno Karabakh and Kosovo: Conflicts, Negotiations, Geopolitics. Yerevan: Tigran Mets.
Torosyan T. (2025). Why do Some Self-determination Conflicts End in Secession, while Others End in Genocide? Case of the Nagorno-Karabakh conflict. Generis Publishing. 248p.
Torosyan T., Petrosyan M. (2015). Comparative analysis of conflicts: modeling problems. Armenian Journal of Poltical Science, 2:121-138.
Torosyan T., Vardanyan A. (2024). The Impact of Geopolitical transformations on the Settlement of the Nagorno-Karabakh Conflict: Self-determination or Genocide, Dynamics of Asymmetric Conflict, 17:3, 221-238, DOI: 10.1080/17467586.2024.2370245
UN DPO, The Protection of Civilians, 3,
UNHCR (2018). Comprehensive protection and solutions strategy: Protection thresholds and parameters for refugee return to Syria.
UN Peacekeepers (2017). Improving Security of United Nations Peacekeepers: We need to change the way we are doing business, Report. Directed by the Secretary-General of the United Nations António Guterres, December 19 2017,
UN Refugee (2022). The UN Refugee Agency Global Report (2022). pp. 1-103
UN SC. (2022). Armenia-Azerbaijan Border Clashes: Meeting under “Any Other Business”, 14 Sep 2022
Yalçınkaya H. (2021). Turkey’s Overlooked Role in the Second Nagorno-Karabakh War. The Karabakh Gambit: Responsibility for the Future. TRT WORLD RESEARCH CENTRE, -war
Zetter R. (2014) Reframing Displacement Crises as Development Opportunities, Policy brief: Prepared for the Global Initiative on Solutions, Copenhagen Roundtable
Zieck M. (2004) Voluntary repatriation: Paradigm, pitfalls, progress. Refugee Survey Quarterly 23:3, 33–54, DOI: doi:10.1093/rsq/23.3.33
—