X
    Categories: News

«Եթե սովորական զինվորն է կարողանում հեշտությամբ սահմանը հատել, պատկերացրեք, ե

Հոկտեմբեր 2, 2026

«Այս միջադեպը բավանին մեծ անհանգստություն է առաջացրել, որովհետև սա խոսում է այն մասին, որ մեր սահմանների խոցելիության առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք»,- այս մասին Սյունիքից ուղիղ կապի միջոցով 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ խոսելով հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի և նրա կողմից սիսիանցի կնոջն ու նրա երեխաներին վիրավորելու մասին։

Իրինա Յոլյանը նշեց, որ խոսել է վիրավորում ստացած կնոջ հարազատների, բնակավայրի բնակիչների հետ, և հայտնեց հետևյալը.

«Երեխաները դպրոցից տուն են եկել, տեսել են՝ դռան կողպեքը կոտրված է, ծնողներին են տեղեկացրել ու մտել են տուն, որտեղ տեսել են ադրբեջանցուն։ Ամբողջ տունը տակնուվրա արած է եղել, ադրբեջանցին իր համար կերակուր է պատրաստել և երեխաներին տեսնելով՝ հարձակվել է նրանց վրա։ Ծնողները կարողացել են ժամանակին հասնել, կանխել ամեն ինչը։ Նա տան տիկնոջ վրա է կրակել, որի հետևանքով կինը ձեռքի երեք մատները կորցրել է»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանության գործառույթն այն է, որ կարողանան պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պահել սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության անվտանգությունը։ Սակայն իրավիճակը հասել է նրան, որ նախապես ունեցել են տեղեկատվություն, և հարցեր են առաջանում, թե ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ինչպե՞ս է զինվորը սահմանը հատել ու մտել բնակչի տուն։

Կարդացեք նաև

  • Չկա՛ որևէ Ադրբեջան․ սա Թուրքիայի 2-րդ պետությունն է. Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը տրվել է Բաքվից. Հրանտ Միքայելյան
  • Հայրենիքը սկսվում է և ավարտվում է հողով, իսկ էդ մարդը մեր երկրի անհողինն է․ Լևոն Ջավախյան
  • Հորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Մաս 3

«Իհարկե, կարող էր անդառնալի կորուստ տեղի ունենալ, բայց, փառք Աստծո, որ այդ միջադեպով է ամեն ինչ ավարտվել, այսինքն՝ մարդկային կորուստներ չեն եղել։ Ամեն ինչ պետք է արվեր, որ քաղաքացին անվտանգ լիներ, և իրադրությունն այդ աստիճանի չհասներ։

Մենք ամեն օր տեսնում ենք Ալիևի հռետորաբանությունը, զավթողական խոսույթը, մենք սրա մասին ենք խոսում, որ Ալիևը կանգ չի առնելու, շարունակելու է իր զավթողական հռետորաբանությամբ ստուգել ու ազդակներ փոխանցել։

Եթե սա զգոնությունը ստուգելու համար չէ, շատ ավելի վատ, եթե սովորական զինվորն է կարողանում այսքան հեշտությամբ սահմանը հատել, պատկերացրեք, եթե դիվերսիա լիներ, ինչ կարող էր լինել։ Սա խոսում է այն մասին, որ գիշեր-ցերեկ ինքնիշխանության մասին թմբկահարող իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանների անձեռնմխելիությունը»,- նշեց Իրինա Յոլյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որևէ տվյալ չունի այն մասին, թե քանի հոգի են հատել սահմանը, քանի որ սահմանը հատած ադրբեջանցիների թվի վերաբերյալ տարբեր խոսակցություններ են շրջանառվում։

«Խոսակցությունների մակարդակում տարբեր թվեր են հնչեցնում, հստակ տեղեկություն չունեմ, բայց վարկածներ շրջանառվում են։ Սա ևս մեկ ազդակ է, որ մենք ավելի զգոն ու աչալուրջ լինենք»,- ընդգծեց Իրինա Յոլյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Edgar Tavakalian:
Related Post