Հոկտեմբեր 1, 2026
Բաքվում անցկացվող «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում առանձին տաղավարով ներկայացող Թուրքիան Ադրբեջանի հետ ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական համաձայնագրեր է կնքել, ինչը ենթադրում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, համատեղ արտադրության կազմակերպում, տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի մատակարարում և այլն:
Եվ այսպես:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտարարել է, որ արդեն այս տարի Ադրբեջանին է մատակարարվելու թուրքական Turkish Aerospace Industries (TUSAŞ) ընկերության 14 միավոր HÜRKUŞ-2 ուսումնամարտական ինքնաթիռ, որի հիմնական առաքելությունը ռազմական օդաչուների բազային պատրաստությունն է։ HÜRKUŞ ընտանիքի զինված տարբերակը, սակայն, նախատեսված է նաև թեթև գրոհի, զինված հետախուզության և անմիջական ավիացիոն աջակցության առաջադրանքների համար։
BAYKAR ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանին MIZRAK խելացի թափառող զինամթերքի մատակարարման վերաբերյալ:
Այն նախատեսված է միջին բարձրություններում մեծ հարվածային ազդեցություն ապահովելու համար, և առանձնանում է բարձր հարվածային կարողությամբ և գործողության մեծ հեռահարությամբ։ Համակարգն առաջարկվում է երկու հիմնական տարբերակով․ երկակի մարտագլխիկով տարբերակը ընդհանուր առմամբ կարող է կրել 40 կգ պայթուցիկ նյութ, մեկ մարտագլխիկովը՝ 20 կգ, ինչպես նաև՝ ռադիոհաճախական որոնիչի գլխիկ՝ թիրախի ճշգրիտ հայտնաբերման համար։ Այս կառուցվածքը թույլ է տալիս առաջարկել արդյունավետ և ճկուն լուծումներ՝ տարբեր առաջադրանքների համար։
BAYKAR ընկերությունն առանձին պայմանագրով Ադրբեջանին կմատակարարի նաև Antidot համակարգ, որը պատկանում է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և ռադիոտեխնիկական հետախուզության օդային համակարգերի ընտանիքին:
Antidot-ը տեղադրվում է անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, գործառույթն է՝ հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների ազդանշանների հայտնաբերումը, գրանցումը և նույնականացումը, ինչպես նաև՝ սպառնալիքների կոորդինատների հստակեցումը:
Թուրքական առաջատար ASELSAN ընկերության հետ էլ Ադրբեջանը ALP-100 ռադարի ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Ռադարային համակարգի հնարավորությունները, ինչպիսիք են՝ բարդ պայմաններում շահագործման հուսալիությունը, դաշտային պայմաններում շահագործման բնութագրերը, թիրախների հայտնաբերման և ուղեկցման հնարավորությունները: Հայտնաբերման կատարելագործված ալգորիթմների և թիրախների հետագծման բարձր ճշգրտության հնարավորության շնորհիվ ALP 100-G-ը ժամանակակից մարտադաշտում մարտունակության բարձրացման էական գործոն է համարվում: ALP 100-G-ը կարող է ծառայել նաև որպես ցամաքային ՀՕՊ համակարգերի հիմնական որոնման ռադար, ինչպես նաև՝ որպես հեռահար ռադարների լրացում՝ ծածկույթի բացերը լրացնելու համար։
Հակաօդային պաշտպանության ոլորտում հեղափոխական լուծում հանդիսացող ALP 100-G-ն AESA (Active Electronically Scanned Array) տեխնոլոգիայի միջոցով կարող է օդային սպառնալիքներին եռաչափ տարածությունում հետևել։ Այն ապահովում է բարձր շարժունակություն և դաշտային պայմաններում աշխատանքների արագ իրականացման հնարավորություն։
Թուրքական ROKETSAN ընկերությունն Ադրբեջանին կմատակարարի Barbaros առափնյա պաշտպանության համակարգ:
Թուրքական պաշտպանական ASELSAN ընկերությունը նախատեսում է Նախիջևանում ձեռնարկություն հիմնել, այս մասին թուրքական և ադրբեջանական կողմի միջև նախնական արձանագրություն է ստորագրվել:
Ընկերությունը լուծումներ է առաջարկում կրիտիկական նշանակության տեխնոլոգիաների հետ կապված բոլոր ոլորտներում՝ օվկիանոսի խորքերից մինչև տիեզերական տարածություն։ ASELSAN-ի նախագծման, մշակման, արտադրական գործունեությունն ընդգրկում է կապի համակարգը, պաշտպանական տեխնոլոգիաները, միկրոէլեկտրոնիկայի, էլեկտրաօպտիկական լուծումների, անօդաչու համակարգերի, ռադարների և ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաների ոլորտները:
Թուրքական MKE ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմում գործող MİRAS պաշտպանական արդյունաբերության ընկերության հետ զրահամեքենաների արդիականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՄՄ-1-երի արդիականացմանը և դրանց TOLGA աշտարակների ինտեգրմանը:
Բացի այս, ներկայում Ադրբեջանում թուրքական MKE ընկերությունը, որն իր ներկայացուցչությունն ունի Ադրբեջանում, այդտեղ կառուցում է զինամթերքի գործարան:
Այս համատեքստում պետք է նշել, որ Ադրբեջանի՝ թուրքական նշված առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով նոր չէ:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայում գործող մի շարք խոշոր ընկերություններ՝ ASELSAN, ROKETSAN, HAVELSAN, TAI (Turkish Aerospace Industries) և MKE (Mechanical and Chemical Industry Corporation), հիմնեցին դուստր ձեռնարկություններ Ադրբեջանում՝ SOCAR-ի և պետական ռազմարդյունաբերության նախարարության հետ համատեղ ծրագրերի շրջանակում նաև:
Ընդ որում, թուրքական այսօրվա ներկայության ինստիտուցիոնալ հիմքը ձևավորվեց Շուշիի հռչակագրով (2021 թ. հունիսի 15), որը երկու պետությունների հարաբերությունները բարձրացրեց դաշնակցային մակարդակի։ Հռչակագրի կարևոր բաժիններից մեկը վերաբերում է պաշտպանական արդյունաբերությանը՝ ընդգծելով «համատեղ արտադրական բազաների, հետազոտական կենտրոնների և տեխնոլոգիական համագործակցության անհրաժեշտությունը»։ Սա՝ առաջին:
Երկրորդ, Ադրբեջանն իր զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհային ինքնաթիռներն արդիականացրել է հենց թուրքական TUSAŞ ընկերության մասնակցությամբ: Իսկ մոդեռնիզացված Սու-25-ները (Су-25МЛ) զինված են թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով:
Նշենք, որ SOM թևավոր հրթիռը մշակվել է՝ TÜBİTAK SAGE ընկերության, իսկ սերիական արտադրության մտել՝ Roketsan ընկերության կողմից:
Երրորդ, 168.am-ը տեղեկացրել էր նաև, որ Ադրբեջանը ձեռք է բերել թուրքական ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը, որը փորձարկում է անցել արդեն Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:
Մենք շատ ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ, և, որ այն դեռ երկու տարի առաջ փորձարկման նպատակով տեղադրվել էր օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա: Ավելի ուշ գրել ենք, որ Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել իր բանակի համար մշակված օդային օպերացիաների կառավարման ժամանակակից համակարգը:
Բնականաբար, Ադրբեջան-Թուրքիա ռազմական, ռազմատեխնիկական, պաշտպանական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվելու:
—