X
    Categories: News

«Ադրբեջանն ուզում է մահմեդական աշխարհին լարի Հայաստանի դեմ. Եվրոպան ու ԱՄՆ-ը

Սեպտեմբեր 30, 2026

Սեպտեմբերի 13-ին Բաքվի նախաձեռնությամբ իր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել էին օկուպացված Գանձասար։ Նրանց ուղեկցել էր Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, ով Գանձասարում հերթական շոուն էր ցուցադրել, հայտարարելով, որ Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն է: Իսկ օրեր անց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին ելույթի ժամանակ հայտարարել էր, որ «Ադրբեջանն ու Հայաստանը դե ֆակտո հասել են խաղաղության»։ Մինչդեռ այդ ընթացքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները պետք է այցելեին Հայաստան, սակայն այցը չեղարկվել է։

Արդյո՞ք «Խաղաղության կամուրջը» փլուզվեց, ինչո՞ւ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները վերջին պահին որոշեցին չայցելել Հայաստան։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանն այս թեմայի առնչությամբ ադրբեջանական մի խոսք մեջբերեց. «Եթե դու ինձ չես վարկաբեկում, ուրեմն՝ ես քեզ կվարկաբեկեմ», շեշտելով՝ ադրբեջանական կողմն հենց այսպես էլ առաջնորդվում է հայկական կողմի հետ հարաբերություններում։

«Դեռ բավական չէ, որ ադրբեջանական կողմն այդ երկար ժամանակահատվածում, այսպես կոչված՝ ԹՐԻՓՓ-ի պայմանագրի նախաստորագրումից հետո, բոլոր հարթակներում փորձում է գործընթացը տապալել, դեռ մի բան էլ ցույց է տալիս, թե ամեն ինչում հայկական կողմն է մեղավոր։

Կարդացեք նաև

  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան
  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել
  • Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի. Հովիկ Ավանեսով

Ադրբեջանը բոլոր մակարդակներում սադրում, խոսում է, որ Հայաստանի դեմ հայցեր կներկայացնի, իբրև թե իր ընդերքն օգտագործելու համար։ Նաև խոսում են Սոթքում իրենց կողմից առաջխաղացման մասին, ասելով, թե ոսկի են հանելու, հանքն են շահագործելու և այլն։ Գանձասարում էլ էժանագին շոու են կազմակերպում, որը փորձում էին ներկայացնել՝ որպես աղվանական»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի կողմից տարվող այս քայլերի ու միջոցառումների մի ամբողջական շարանն ապացուցում է միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության։

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ Ադրբեջանի լկտիությունն այն աստիճանի է ասել, որ Հաջիևն արաբական երկրներում մասնակցելով մեդիաֆորումների, Հայաստանին մեղադրում է «մզկիթները ոչնչացնելու» մեջ։ Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է  կրոնական մոլեռանդության մեջ ներքաշել ու մեղադրել Հայաստանին։

«Ադրբեջանն այնպես է անում, որ մահմեդական աշխարհին լարի Հայաստանի դեմ, այնպես որ սադրանքը, որը կազմակերպել էին՝ ուղղված էր Հայաստանի դեմ։ Չգիտեմ էլ՝ Ադրբեջանն էլ ի՞նչ պետք է անի, որպեսզի հասկանալի լինի՝ մտադրված չէ գնալ խաղաղության գործընթացի հետևից։ Ադրբեջանը տարածաշրջանում առիթներ է փնտրում, որպեսզի սադրանքների դիմի Հայաստանի դեմ, որովհետև Ադրբեջանն իր վերջնական նպատակին չի հասել իր հրահրած պատերազմների արդյունքում։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ճանաչում Հայաստանին, պահանջում են տարածքներ, շարունակում են կոֆլիկտային տրամաբանությունը»,- շեշտեց Գրիգորի Այվազյանը։

Փորձագետի խոսքով, եթե Հայաստանը ձգտում է խաղաղության, չպետք է մոռանա մեկ ճշմարտություն՝ պատրաստ լինի ցանկացած պարագայում, ցանկացած իրադարձության զարգացման, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հրահրվող ցանկացած ագրեսիայի։

Ինչ վերաբերում է 2025 թվականի օգոստոսի 8-ին  նախաստորագրված պայմանագրին  և հարցին, արդյո՞ք սա չի երաշխավորում, որ Ադրբեջանն ագրեսիայի չի դիմի, Գրիգորի Այվազյանը պատասխանեց՝ որևէ ԹՐԻՓՓ ու նախաստորագրված պայմանագիր չի կարող Հայաստանին զերծ պահել ադրբեջանական ագրեսիայից, հատկապես այն դեպքում, որ այդ ԹՐԻՓՓ-ը Թուրքիան համարում է «Թուրանի» ծրագրի իրականացնում։

«Միացյալ Նահանգները մատը մատին չի տալիս՝ տեր կանգնելու այդ խաղաղությանը, այդ գնով խաղաղությո՞ւն, զոհերի, օկուպացիայի, մշակութային վանդալիզմի, գերիների պարագայում խաղաղությո՞ւն։ Ես մեկ բան գիտեմ՝ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրվի Բաքվում։ Միացյալ Նահանգներն իր շահերից բխող խաղաղություն է վարում, Թրամփը խաղաղության երաշխավոր չէ, նա միայն այս թղթի ստորագրմանն էր ներկա։ Եվրոպան ու ԱՄՆ-ը Հայաստանին ոչինչ չեն խոստացել, նրանք իրենց լավ հարաբերությունները պահում են՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ։ Այնպես որ, հույսը պետք է դնենք մեր ազգային միասնականության վրա»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post