Սեպտեմբեր 25, 2026
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ Առաջին հայացքից Ռուսաստանից հնչում է հերթական հայտարարությունը, ողջույնը, սակայն հայտարարության քաղաքական ենթատեքստը շատ ավելի լայն ու հետաքրքիր է հատկապես այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը բացահայտ խոսում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին։
Շևցովի հայտարարության մեջ ուշագրավ է հենց ձևակերպումների հաջորդականությունը։ Մոսկվան պնդում է կարծես, թե չի առարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությանը, բայց անմիջապես ավելացնում է՝ դրա համար անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ և երկարաժամկետ պայմանագրեր։ Այսպիսով, հարցը ներկայացվում է ոչ թե՝ որպես «Ռուսաստանից գազը փոխարինել ադրբեջանական գազով» պարզունակ գործընթաց, այլ որպես Հայաստանի էներգետիկ համակարգի ավելի լայն վերափոխման խնդիր, որը բարդ, թանկ ճանապարհ է։
Եվ այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ համակարգի մասին է խոսքը։ Հայաստանի գազային ենթակառուցվածքը տասնամյակներով ձևավորվել է ռուսական գազի մատակարարման շուրջ։ Ռուսաստանից Հայաստան գազը գալիս է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով՝ Ռուսաստանի տարածքից Վրաստանի միջոցով, իսկ ՀՀ տարածքում գազափոխադրման ու մատակարարման համակարգի դերակատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է։
«Գազպրոմ Արմենիա»-ի պատկանելությունն այստեղ սկզբունքային նշանակություն ունի։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2014 թվականից ընկերությունն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին։ Միաժամանակ Հայաստանի գազափոխադրման համակարգը ներառում է ոչ միայն Ռուսաստանին կապող խորհրդային ժամանակաշրջանի ենթակառուցվածքը, այլև Իրանից եկող գազատարը, այսինքն՝ Հայաստանի էներգետիկ համակարգում ռուսական ներկայությունը միայն գազի վաճառքով չի սահմանափակվում, այն կապված է նաև գազի տեղափոխման և ներքին ենթակառուցվածքի կառավարման հետ։ Հետևաբար՝ Շևցովի խոսքը «նոր գազատար կառուցելու» անհրաժեշտության մասին պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Խնդիրը միայն այն չէ, թե Ադրբեջանը պատրա՞ստ է Հայաստանին գազ վաճառել։ Խնդիրն այն է, թե այդ գազն ինչ ենթակառուցվածքով է Հայաստան մտնելու, ինչ տարանցիկ երթուղով է տեղափոխվելու, ով է կառավարելու այդ համակարգը և ինչ պայմաններով է ադրբեջանական գազն ինտեգրվելու Հայաստանի գործող գազային ցանցին։
Եթե Երևանը ցանկանում է Ադրբեջանին դարձնել գազի իրական մատակարար, անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական համաձայնություն Բաքվի հետ, այլև տեխնիկական և առևտրային պայմանավորվածությունների ամբողջական փաթեթ։ Գազատարի վերականգնումը կամ նոր ենթակառուցվածքի ստեղծումը պահանջում է ներդրումներ, տարանցման պայմաններ, անվտանգության երաշխիքներ և, ամենակարևորը, բավարար երկարաժամկետ մատակարարման պայմանագիր։
Հենց այստեղ է Շևցովի հայտարարության քաղաքական ենթատեքստը։ Մոսկվան, ըստ էության, չի ասում, թե Հայաստանին թույլ չեն տա Ադրբեջանից գազ գնել, այլ Երևանին հիշեցնում է, որ ռուսական գազից կախվածության նվազեցումը միայն քաղաքական որոշում չէ, այն ենթակառուցվածքային, ֆինանսական և պայմանագրային մեծ նախագիծ է։
Այս իմաստով Մոսկվան ուշադրությունը տեղափոխում է այն հարցի վրա, թե ինչ է իրականում նշանակում էներգետիկ դիվերսիֆիկացիան։ Եթե Հայաստանը որոշի գազ գնել Ադրբեջանից, դա չի նշանակում, որ ռուսական գազի փոխարեն՝ պարզապես բացվում է նոր փական, և ադրբեջանական գազը մտնում է նույն համակարգ։ Անհրաժեշտ է լուծել նոր մատակարարման տեխնիկական բոլոր հարցերը։ Իսկ այստեղ ռուսական կողմն ունի մի կարևոր առավելություն՝ գործող համակարգ։ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման ենթակառուցվածքը գոյություն ունի տասնամյակներ շարունակ։ Գործում են գազատարները, համակարգն ունի օպերատոր, կա ձևավորված շղթա։ Այս մեկնաբանությունը ցույց է տալիս՝ Հայաստանի համար նոր գազի աղբյուր գտնելը մեկ բան է, իսկ այդ աղբյուրի՝ գործող մատակարարման համակարգի վերածումը՝ մեկ այլ։ Ուստի Մոսկվան կարծես փորձում է ընդգծել, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ռուսական ներկայությունը միայն գազի գնի կամ գազի ծավալի հարց չէ, այն կապված է ամբողջ ենթակառուցվածքային ճարտարապետության հետ։
Շևցովի՝ երկարաժամկետ պայմանագրերի մասին շեշտադրումը փաստացի նաև ցույց է տալիս, որ ադրբեջանական ուղղությունը կարող է դառնալ Հայաստանի էներգետիկ համակարգի մաս միայն այն դեպքում, եթե դրա շուրջ ձևավորվի երկարաժամկետ տնտեսական համագործակցություն։
Բայց այդ նույն գործընթացը կարող է ունենալ նաև քաղաքական հետևանք։ Գազը պարզապես ապրանք չէ հատկապես հարավկովկասյան ռեգիոնում, որտեղ տասնամյակներ շարունակ էներգետիկ ենթակառուցվածքները ձևավորվել են քաղաքական ազդեցությունների ու դրանց բաժանումների կոնտեքստում։ Եթե Ադրբեջանն իսկապես դառնա Հայաստանի գազի մատակարար, դա կնշանակի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները սկսում են ստանալ նաև տնտեսական կախվածության չափում։ Եվ այստեղ առաջանում է սկզբունքային հարցը՝ Հայաստանը պատրա՞ստ է արդյոք մի կախվածությունը փոխարինել մեկ այլ կախվածությամբ։ Եվ հենց այստեղ է Հայաստանի առջև ծառացած գլխավոր հարցը՝ Էներգետիկ անկախությունը չի որոշվելու նրանով, թե Երևանը քանի երկրների հետ կարող է գազի պայմանագիր ստորագրել, այն որոշվելու է նրանով, թե արդյո՞ք Հայաստանը կունենա բավարար ենթակառուցվածք, կարողություններ դա իրագործելու համար։
Վերադառնալով Շևցովի հայտարարությանը՝ Ռուսաստանը փաստացի հիշեցնում է՝ Հայաստանի գազային համակարգում իր ներկայությունը միայն այն գազը չէ, դա նաև ենթակառուցվածք է, ներդրումներ, պայմանագրեր և ձևավորված համակարգ։ Երևանի համար հարցն արդեն միայն այն չէ, թե ումից գնել գազ, այլ այն, թե ինչպիսի գազային համակարգ կառուցել Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։
—