Սեպտեմբեր 23, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն:
- Մենք ու Արցախն արդեն անկախ պետություններ էինք, երբ կազմավորվեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ): Հետո Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ԽՍՀՄ այլ հանրապետությունների են հրավիրում, որ միանան ԱՊՀ-ին: Ի դեպ, ԽՍՀՄ 3 հանրապետություններ՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, չեն միացել Ալմա Աթայի հռչակագրին: Հո դա չի՞ նշանակում, որ այդ պետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, սահմաններ չունեն ու անկախ պետություններ չեն: Ընդ որում, Հայաստանի Գերագույն խորհուրդն Ալմա Աթայի հռչակագիրը վավերացնում է վերապահումներով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումներն էլ սահմանների մասով էին: Ադրբեջանը չմիացավ ԱՊՀ-ին, օրինակ, որովհետև ժամանակակից Ադրբեջանն իրեն հռչակում է որպես 1918-20թթ. Ադրբեջանի ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ, և ասում է՝ ինչ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ, ապօրինի է:
Հիշեցնենք. 168.am-ին դեռևս 3 տարի առաջ տված հարցազրույցում ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրել էր.
«Ալմա Աթայի փաստաթուղթը կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին, քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է:
Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ: Վերապահումը հետևյալն էր՝ Ալմա Աթայի հռչակագրում կա հետևյալ ձևակերպումը, որ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ: Մենք այդ ժամանակ ի՞նչ արեցինք: Մենք ավելացրեցինք. «ինչպես նաև մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած սուբյեկտներ» ձևակերպումը՝ միանշանակ նկատի ունենալով Արցախը: Դա միայն վերաբերում էր Արցախին: Շատ էական է, երբ մենք խոսում ենք, որ Արցախն առանձնահատուկ է, ի՞նչ Կոսովո, ի՞նչ այլ բան, որովհետև Արցախն ինքնորոշվել է մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և այն ժամանակ գործող օրենսդրությանը: Ավելին, Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելիս ու վավերացնելով՝ Հայաստանի այն ժամանակ Գերագույն խորհուրդը, ըստ էության, ճանապարհ է բացել նաև Արցախի՝ ԱՊՀ-ին անդամակցության համար: Սա է էությունն այդ փաստաթղթի»,- բացատրեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարը»,- ասել էր Շավարշ Քոչարյանը, որը ժամանակին մասնակցել է այդ ողջ գործընթացներին:
- Մեր պետականությունն անթերի իրավական հիմքով է ստեղծվել: Այն չի ասում, որ Արցախի ու Հայաստանի հետ մեկ պետական միավորում պիտի ստեղծվի: Հայաստանի և Արցախի միջև ֆունկցիոնալ իմաստով որևէ տարբերություն չկար: Ես նույն պետության զգացողությունն եմ ունեցել՝ անկախ նրանից՝ ընտանիքիս հետ հանգստացել եմ Շուշիո՞ւմ, թե՞ Դիլիջանում: Բայց ունեցել ենք 2 պետություն՝ մեկ միասնական համակարգով: Մեր պետականության հիմքերն անթերի են: Դրանից է վախենում Ալիևը: Դրա համար է ասում՝ վերացրեք Անկախության հռչակագիրը, որովհետև ի տարբերություն իր պետության՝ Ադրբեջանի, որը խիստ խոցելի հիմքի վրա է ստեղծված, մեր պետության իրավական հիմքերն անխոցելի՛ են:
- Նկատենք, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և մյուսներն Ալմա Աթայի հռչակագրի մասին սկսել են խոսել 2020թ. կապիտուլյացիայից հետո: Ալիևը հո հիմար չէ՞: Եթե Ալմա Աթայի հռչակագիրը երբևէ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի փաստարկ կարող էր լինել, ապա հարց է ծագում՝ մինչև 2018 թվականն Ադրբեջանն այն ինչի՞ մեջտեղ չի բերել: Չեն ասել, որովհետև հիմար չեն ու հասկանում են, որ այն իրավական հիմքեր չունի:
- Մինչև Շառլ Միշելի մոտ գնալը, հետպատերազմյան բանակցություններն ընթանում էին ՌԴ նախագահի հովանու ներքո: Մեկ էլ հանկարծ 2021թ. նոյեմբերի 26-ին Շառլ Միշելն իր մոտ է կանչում Փաշինյանին ու Ալիևին: Ո՛չ Հայաստանն է ԵՄ անդամ, ո՛չ Ադրբեջանը: Հարց է առաջանում՝ սա՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչի՞ է ընկել մեյդան:
Այնուհետև դեկտեմբերի 14-ին նույն այդ Շառլ Միշելը հրավիրում է Փաշինյանին ու Ալիևին բանակցությունների, ինչից հետո շատ զարմանալիորեն Փաշինյանը Հայաստան է գալիս ու հանդիպում Սահմանադրական դատարանի դատավորների հետ, որից հետո որոշվում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Այսինք՝ Ալիևի պահանջն արդեն կար: 2022թ. սկսվում են Եվրամիության հովանու ներքո բանակցությունները, ինչից հետո 2 մեծ պատերազմ է տեղի ունենում՝ Ջերմուկի պատերազմը և Արցախի պատերազմը: Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո է, ի դեպ, 8 հայկական գյուղերի հանձնման մասին խոսվել:
Կարևոր դրվագներ հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
168.am-ը հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում բարձրացրել էր «օկուպացված 8 գյուղերի» (նկատի ունենալով Տավուշի որոշ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը) հարցը՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» կարևորությունը։
- Շառլ Միշել, դու ո՞ր կազմակերպության անդամ ես, դու Եվրոպական միության խորհրդի նախագահն ես, ԱՊՀ-ի հետ ի՞նչ գործ ունես: Դու 2017-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված CEPA-ի մասին խոսիր, որը վավերացրել են ԵՄ անդամ բոլոր երկրների պառլամենտները: Եվ այդ համաձայնագրի 9-րդ էջում գրված է՝ ԼՂ խնդիրը պետք է լուծի ազգերի ինքնորոշման իրավունքի համատեքստում, առանց ուժի կիրառման: Դու ի՞նչ գործ ունես ԱՊՀ-ի հետ:
Հիշեցնենք. 2017-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԵՄ-ի հետ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որն իր նախաբանում հստակորեն ամրագրում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Համաձայնագրում հատուկ ընդգծված են այդ սկզբունքները, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը, և ազգերի իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։
«Առանց ուժի կիրառման» ձևակերպումը փաստաթղթում ուղղակիորեն կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված նպատակների աջակցության հետ, որը բացառում է ռազմական ճանապարհով հարցերի լուծումը: Դա ԵՄ-ի կողմից ստորագրված եզակի երկկողմ համաձայնագրերից է, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքը պաշտոնապես ներառվել է որպես հակամարտության կարգավորման առանցքային հենասյուն, որը դեն նետվեց Փաշինյանի և Ալիևի փոխհամաձայնությամբ՝ Հայաստանին դարձնելով ագրեսոր պետություն՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով:
- Նիկոլ Փաշինյանը մինչև 2022թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երեսը գոնե պաշտոնապես՝ հրապարակային չի տեսել: Եվ երբ այդ հանդիպմանը գնացող Էրդողանին թուրք լրագրողը հարցնում է՝ ինչպե՞ս եք վարվելու հայերի հետ, Էրդողանը պատասխանում է՝ ինչպես վարվել ենք, այնպես էլ վարվելու ենք… Այդ հանդիպումից հետո է ստորագրվել հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որը ստորագրած 4 երկրներից որևէ մեկի Խորհրդարանը չի վավերացրել. ԻՆՉՈ՞Ւ, որովհետև բոլորը հասկանում են՝ ԱՊՕՐԻՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է: Այն ստորագրած Մակրոնը ո՞նց կարող է այդ փաստաթուղթը տանել Ֆրանսիայի խորհրդարան՝ վավերացման: Բա որ դու, Մակրո՛ն, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թուղթ ես ստորագրում, բա ո՞նց չես հարցնում՝ ԱՄՆ ու ՌԴ նախագահներն ո՞ւր են: Դուք երեքդ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինությունների շղթա է, որովհետև Արցախի շրջափակումը, հայաթափումը, մյուս բոլոր աղետները դրանից հետո են եղել:
- Ռուսաստանը, ինչպես որևէ երկիր, անում է այն, ինչ իր շահերից է բխում: Մեր շահերը սպասարկողը, որպես կանոն, Հայաստանի իշխանությունը պետք է լինի: Մենք Ռուսաստան չենք, մենք անկախ պետություն ենք: Մե՛նք պետք է մեր շահերն առաջ մղենք, ոչ թե Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր:
- Ինչո՞ւ Ալիևը Գրանադա չգնաց ու չստորագրեց Արցախի վերաբերյալ փաստաթղթի տակ… Որովհետև այնտեղ տարածքի թիվ է գրվել, իսկ Ալիևը թվերի տակ չի՛ ստորագրում:
- Մհեր Գրիգորյա՛ն, դու Ադրբեջանի հետ սահմանային հանձնաժողովի նախագահ ես: Այն ստեղծվել է 2022թ. մայիսի 23-ին: 4 տարի է անցել, քո գործի անունն ի՞նչ է: Որ ասում ես՝ 12 կմ դեմարկացիա ենք արել, էդ ե՞րբ ես արել: եթե ձեր հանձնաժողովի կանոնակարգը չկար, ձեր արածը ո՞նց է կոչվում դեմարկացիա: Թուղթ էլ չկա. ուղղակի տարածքները հանձնել եք:
- Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը:
2022թ. սեպտեմբերի 13… Փաշինյանը Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին թողել է մի կողմ, գնացել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ է վարել, Ադրբեջանը հարձակվել է, պատերազմ է սկսվել, հետո գալիս է ու դիմում է ՀԱՊԿ-ին, ասում է՝ ԵՄ-ի հետ բանակցել եմ, պատերազմ է սկսվել, եկեք, օգնեք: Ընդ որում, Հայաստանն առաջին անգամ էր դիմում ՀԱՊԿ օգնությանը, և նախագահողն ինքը՝ Փաշինյանն էր: Այսինքն՝ ինքը դիմել է իրեն:
Մի կարևոր դրվագ ևս: Եթե քո երկրի վրա ռազմական հարձակում է տեղի ունենում, կառավարությունը պարտավոր է ռազմական դրություն հայտարարել: Հայաստանի կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն: Եթե չես հայտարարում, նշանակում է՝ չես ընդունում, որ ռազմական հարձակում է եղել քեզ վրա: Ի դեպ, Հայաստանի պատմության ընթացքում միայն մի անգամ է ռազմական դրություն հայտարարվել՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ժամը 10:00-ին արդեն ռազմական դրություն էիր հայտարարել… Ինչո՞ւ, եթե պայմանավորված չէր դա Ալիևի հետ: Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն:
- Ջերմուկյան հարձակման ժամանակ Հայաստան եկան ՀԱՊԿ պաշտոնյաներ, հետո եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օգնության փաթեթ մշակի, սակայն ոչ ոք նրան չընդունեց, բացի ԳՇ պետից ու Ջերմուկի քաղաքապետից: Փաշինյանն այստեղ Զասին չի ընդունել, փոխարենը՝ գնացել է ՄԱԿ, հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Եթե սա արկածախնդրություն չէ, ի՞նչ է:
Հետո, այնուամենայնիվ, Զասն եկավ, փաստաթուղթ մշակեցին, բայց քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, որոշում չընդունվեց… Կռահեք՝ ինչո՞ւ. որովհետև Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց…
Հետո էլի բանակցեցին, և էլի Նիկոլ Փաշինյանն իր իջևանյան ռուսերենով ասաց՝ կներեք, բայց ես չեմ կարող ստորագրել, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները: Սենց հիմարություն հնարավոր չի պատկերացնել: Քո երկրի սահմանները դու պիտի ասես, ՀԱՊԿ-ը չպիտի ասի՝ ո՞րն է:
Բա հիշեք՝ իշխանության գալուց հետո ի՜նչ կոնֆլիկտներ ստեղծեց ՀԱՊԿ-ի համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում ձերբակալեց առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղյակ պահելու, և այլն, և այլն:
- 2022թ. ագրեսիան Ալիևի կողմից սովորական ագրեսիա չէր: Նա այնպիսի ռազամավարական նշանակության տարածքներ զավթեց, որ հաջորդ պատերազմի ժամանակ ֆունկցիոնալ նշանակություն կարող է ունենալ իր հարձակումների համար: Իշխանասարի զավթմամբ ցանկացած պահի նա կարող է Սիսիանի հատվածում վերահսկողության տակ վերցնել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի այդ հատվածն ու փակել այն: Եվ այլ ճանապարհ մեզ համար չկա: Ջերմուկի վրա եկել է, որովհետև եթե Ջերմուկը հետագա ռազմական գործողությունների ժամանակ վերցնի, ջրային պաշարների վերահսկողությունը կանցնի իրեն: Նույնը Տիգրանաշենի պարագայում է: Փաշինյանը գիտի՝ ինքն էդ տարածքը պաշտպանել չի կարող, ուզում է՝ պիտի տա: Բայց մենք հո գիտե՞նք՝ Ադրբեջանի այդ հատվածում՝ Նախիջևանի համազորային բանակ է տեղակայված, որն այս պահին էլ զորավարժություններ է անում: Ո՞ւմ դեմ է գործելու այդ բանակը: Երասխից Երևան 60 կմ է. մի ժամ հետո որ Նորագավիթում կանգնեցին, ի՞նչ ես անելու: Դա թույլ չտալու համար բանակ ու դաշնակից պիտի ունենաս, չէ՞: 1992թ. Թուրքիան ուզում էր Հայաստանի վրա հարձակվել, հարձակվե՞ց… է, որովհետև այնտեղ ռուսական դրոշ կար, ու ռուսներն ասացին՝ հարձակվելուց առաջ լավ մտածեք, նայեք էս դրոշին, նոր հարձակվեք: Հիմա եթե դու բոլոր դրոշները հանել ես, թողել ես քո խաղաղության սրտիկը, դրա վրա հարձակվելը հեշտ է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սրտիկ ցույց տալով ման է գալիս: Ալիևի ու Զաքիր Հասանովի համար սա երազանք է:
- Ալեն, երկու օրը մեկ մարդ սկի իր կնգա հետ չի խոսում, դու Հաջիևի հետ երկու օրը մեկ ի՞նչ ես խոսում: Ի՞նչ եք անում, բացի այս կեղծ խաղաղությունը գուրգուրելուց:
- Հայաստանին վերաբերող որոշումները վերջին շրջանում կայացնում է Իլհամ Ալիևը, և նա է Փաշինյանին պարտադրում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ալիևն է պարտադրել ՀԱՊԿ-ից դուրս գալ, որ հետագա ռազմաքաղաքական գործողություններն անելիս Հայաստանը դաշնակիցներ չունենա, Ալիևն է խնդիր դնում ԵԱՏՄ-ից դուրս գալ, որ տնտեսապես թույլ լինենք, Ալիևն է հանել Հայաստանից ռուս սահմանապահներին: Հիմա Ալիևն ասում է՝ երկաթգիծը պետք է ռուսական կողմից վերցնել, որ մեր վերահսկողության տակ լինի, էլցանցերը Սամվել Կարապետյանից պիտի խլես, որ հետո օֆշորում գրանցված ընկերությունն այն առնի, գազդ Ռուսաստանից մի առ, SOCAR-ը կտա, ատոմակայանդ էլ փակի:
- ՔՊ-ի պատկերացրած «Իրական Հայաստանն» Ալիևի պատկերացրած «Արևմտյան Ադրբեջանն» է: Մեր միջից պետք է հանել հայկականությունը, որ մենք դադարենք էթնոս լինելուց ու դառնանք կենսաբանական միավորներ՝ Նիկոլ Փաշինյանի «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևումը որպես ուղենիշ վերցրած: Կուտենք, կգնանք Թաթայի համերգին ու վե՛րջ. հերիք է: Նայե՛ք՝ ովքեր են հիմա դատվում՝ նախկին նախագահներ, զինվորականներ, Արցախի նախագահները Բաքվում են՝ աշխատանքի բաժանում է արված, հոգևորականներ, գործարարներ՝ Գագիկ Ծառուկյանը, այլք… Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը բիզնեսի ուրիշ մակարդակ են: Այսօր Բաքվում և Երևանում ազատազրկված են: Հրահանգ է իջեցված, անում են:
Մանրամասները՝ տեսանյութում:
—