Սեպտեմբեր 24, 2026
Հրապարակվել է հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, խմբ․)։ Զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։ Այս մասին գրում է ՍպուտնիկԱրմենիան։
Ինչպես նախաբանից առաջ է նշված՝ «զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ»։
Զեկույցի սկզբում «նկարագրվում են» եկեղեցում ստեղծված «ճգնաժամի» դրսևորումները։ Ամենայն հայոց կաթողիկոսին (որին զեկույցում եկեղեցու պետ են անվանում, որոշ տեղերում՝ չկաթողիկոս, խմբ․) և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրում են ոչ միայն կուսակրոնության ուխտը խախտելու, քաղաքական գործունեություն ծավալելու, եկեղեցակապատկան գույքը ոչ նպատակային օգտագործելու, ֆինանսական ոչ թափանցիկ գործունեության և այլնի մեջ։
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինստիտուտները՝ թեմական կառույցները, եկեղեցական տարածքները, ծխական ցանցը, մեդիառեսուրսներն ու կաթողիկոսի աթոռի հեղինակությունը, ՀԱՍԵ փաստացի պետի և նրա ընտանիքի անդամների ջանքերով փոխակերպվել են Հայաստանի Հանրապետությունում արտաքին ազդեցության ներազդման գործիքների»,- նշվում է զեկույցում։
Ըստ փաստաթղթի՝ վեհափառը մի քանի անգամ տապալել է եկեղեցու «միասնական Սահմանադրության ընդունումը, ինչի հետևանքով եկեղեցին գործել է անձիշխանության պայմաններում՝ առանց իրավազոր կանոնական հիմքերի»։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հավաքագրել է տարբեր ժամանակներում սոցիալական ցանցերում, հայտնի և անհայտ կայքերում հայտնված տարբեր հրապարակումներ, որոնք կազմում են շուրջ 60 էջ:
Վերջին հատվածում, այսպես ասած, ճանապարհային քարտեզն է նկարագրված․ ըստ որի՝ ձևավորվում է, այսպես կոչված, Բարենորոգման համակարգող խումբ՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, խորհրդակցություններ են կազմակերպվում թեմերում, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքություններն են տեղեկացվում և նրանց ևս խորհրդակցական ձևաչափ է կազմակերպվում։
Ճանապարհային քարտեզի քայլերից մեկն էլ կաթողիկոսական տեղապահի ընտրությունն է, որը պետք է արվի Եպիսկոպոսաց ժողովի կողմից։ Ըստ փաստաթղթի՝ տեղապահի մանդատը պետք է ներառի Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման ամբողջական նախապատրաստումը՝ ներառյալ թեմերում պատգամավորների կանոնական ընտրության ապահովումը, եկեղեցու ֆինանսական և գույքային վիճակի լիարժեք գույքագրումն ու անկախ աուդիտը, կարգալույծ հռչակված հոգևորականների գործերի վերանայման ընթացակարգի գործարկումը և այլն։
Տեղապահի ժամկետը պետք է լինի հստակ սահմանված և հնարավորինս կարճ, և տեղապահը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոսի թեկնածու իր իսկ նախապատրաստած ընտրություններում, և տեղապահի ժամանակահատվածում չեն կատարվում եպիսկոպոսական ձեռնադրություններ, թեմակալ առաջնորդների նշանակումներ և կարգալուծություններ։ Ճանապարհային քարտեզի վերջին քայլը լինելու է կաթողիկոսի ընտրությունը։
—