Մարտ 10, 2026
Երկրորդ շաբաթն է՝ հանգստյան օրերին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «քարոզարշավային ավտոբուսով» մեկնում են գյուղեր, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մարդկանց համոզելու համար, որ ընտրեն իրեն։ Խանութից քաղաքացիներին օգնում է գնումներով լի տոպրակները հասցնել տուն, մտնում է խանութներ՝ հետաքրքրվելով, թե առևտուրն ինչպես է ընթանում, հաճախ նաև զայրանում է, թե ինչու իրենց փռած ասֆալտը չեն գնահատում և իրենց չեն ասում գոնե շնորհակալություն։
Այս ամենին զուգահեռ՝ վերջին շրջանում ՔՊ-ականները միմյանց հերթ չտալով հայտարարում են, որ եթե առաջիկա ընտրություններում քաղաքացիներն իրենց չընտրեն, ապա պատերազմ կլինի։ Այս հայտարարությունները համացանցում օգտատերերը ծաղրում են՝ գրելով, որ, օրինակ, եթե «ՔՊ-ն չընտրվի, ապա արևը դուրս չի գա, երեխաներ չեն ծնվի, երկնքում աստղեր չեն հայտնվի», և այլն։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանի մոտ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նույնպես ծիծաղ են առաջացնում։
«Այս ամենն առնվազն աբսուրդ թեզ է՝ ծիծաղելի, իրենք հնամաշ թեզ են օգտագործում։ Հիշեք Կիրանցի դեպքերը, երբ իշխանությունը մարդկանց վախեցնում էր, թե՝ «եթե հիմա չհամաձայնեն ու տարածքներ չտան Ադրբեջանին, ապա մեկ շաբաթ հետո պատերազմ կսկսվի»։ Բայց այս բոլոր թեզերը մարդկանց վախեցնելու և ապակողմնորոշելու համար են, դրանց չպետք է որևէ մեկը լուրջ վերաբերվի»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Մխիթարյանը։
Նա նկատեց՝ պատերազմ ինչո՞ւ պետք է լինի այն դեպքում, երբ հիմա Ադրբեջանն ինչ պահանջ դնում է, ՀՀ իշխանությունը դրանք շտապելով կատարում է։ Այսինքն՝ Ադրբեջանի հետապնդած խնդիրներն անխոչընդոտ կերպով լուծված են կամ լուծվում են, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է գնա պատերազմի։
«Իշխանությունն ուզում է իրեն ապահովագրելու համար մարդկանց ապակողմնորոշել, դարձյալ խաբել, մարդկանց պահել վախի մթնոլորտում։ Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում մարդիկ բավականաչափ բաներ հասկացել են, հազիվ թե գերակշիռ մեծամասնությունը հավատա այդ կեղծ թեզերին, որոնք նպատակ ունեն իրենց անփառունակ իշխանության ժամկետը երկարաձգելու ու պահելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։
ԳԽ նախկին պատգամավորը հավանական չի համարում, որ օրվա իշխանությունն առաջիկա ընտրություններում վերընտրվելու շանսեր ունի, թեպետ ՔՊ-ն տարբեր առիթներով հայտարարում է, թե «50+1» ձայներով կրկին իշխանություն կձևավորի առաջիկա ընտրություններից հետո։
«ՔՊ-ն այս փուլում օգտագործում է նախընտրական քարոզչության տեխնոլոգիաների բաղադրիչներից մեկը, որի գործադրմամբ փորձում են ժողովրդին ապակողմնորոշել։ Իրական կյանքում հիմա իշխանությունը գյուղեգյուղ ընկած մարդկանց համոզում է, մինչև այս պահն այդ մարդիկ կտրված էին ժողովրդից, իրենք քաջատեղյակ չեն մարդանց իրական կարծիքներին։
Սեփական փորձից կարող եմ ասել, որ շատ եմ շփվում տարբեր խավի ներկայացուցիչների հետ, և իմ պատկերացումներն այլ են։ Տեսնում եմ, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, հատկապես այն խավը, որը նախկինում եղել է ՔՊ-ի ընտրող, փոշմանած են, ուղղակի չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու։ Ասում են՝ «մեր ձեռքը կկտրենք, բայց ՔՊ-ին ձայն չենք տա», ահա սա է իրականությունը»,- շեշտեց Մեխակ Մխիթարյանը։
Նա նաև ասաց, որ այս ամենով հանդերձ, ժողովրդի մեծ մասը դեռևս կողմնորոշված էլ չէ, թե ընդդիմադիր ո՞ր ուժին է իր ձայնը տալու, բայց կարծում է, որ «Ուժեղ Հայաստանը» ունի շանսեր։
«Մեկ բանում համոզված եմ՝ միացյալ ընդդիմությունը կարող է շատ ավելի ձայներ հավաքել, քան գործող իշխանությունը։ Մարդկանց հետ եմ շփվում, եկել եմ այն համոզման, որ այս անգամ ժողովուրդն օբյեկտիվ ընտրություն կկատարի՝ չխաբվելով իշխանությունների կեղծ թեզերին, պոպուլիստական մոտեցումներին, օրինակ, թոշակների բարձրացման տեսքով, կամ կեղծ խաղաղության թեզերով։ Այս բոլորը պոպուլիստական թեզեր են՝ ընտրությունների նախաշեմին, ինչը ժողովուրդը հասկանում է։ 8 տարիների ընթացքում ոչինչ չեն արել, հիմա փորձում են ընտրություններից 2 ամիս առաջ անել, սա ո՞վ չի հասկանում»,- ընդգծեց Մեխակ Մխիթարյանը։
—